Համավարակի այս մռայլ օրերին, երբ մեր բանականությունը հաճախ չի դիմանում փորձությանը և թվում է՝ մեր շուրջն ամեն ինչ խավար է և ճնշող, դյուրին է հայտնվել հուսահատության մեջ։ Եվ իսկապես, մեր մարդկային հույսը ՝ առանց Աստծո կենարար հույսի, պարզապես դրական հուսահատություն է:
Ուրեմն, աղոթքի մեջ հավատքով խնդրենք Աստծո հույսի ճրագը և չերկմտենք։ Քանզի, ինչպես ասում է Սբ. Գրիգոր Նարեկացին, երբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի ողորմության փառքի անստվեր ճաճանչները ծագեն. «տեղի կտան տխրությունները, կնահանջեն հեծությունները, կփախչի խավարն, ու մեգը կմեկնի, կցրվի մառախուղն, ու մռայլը կփարատվի. կսպառվի աղջամուղջը, կվերանա մութն, ու գիշերը կանցնի, տագնապը կտարագրվի, կչքանան չարիքները և հուսահատությունները կհալածվեն»։
Նարեկ, Բան ԽԱ