«Բարերար և բազումողորմ Աստված, ընդունիր մեր երկրպագությունը, և լսիր մեր աղաչանքները, որովհետև Քեզ ապավինելով ակնկալում ենք առատ ողորմությունդ և անսպառ գթությունդ:
Անսալով մեր աղաչանքներին` բժշկություն պարգևիր բոլոր հիվանդներին, վարակից ապաքինվող բոլոր անձանց։ Հեռու վանիր վախն ու տագնապը նրանցից, ովքեր բուժման ընթացքի և կամ մեկուսացման մեջ են: Պահիր ու պահպանիր նրանց ընտանիքներն ու բարեկամներին և խաղաղություն պարգևիր նրանց բոլոր սիրելիներին:
Քո անչափ բարերար կամքով օրհնիր և զորություն պարգևիր զօր ու գիշեր իրենց անձնվեր ծառայությունը մատուցող մեր բժիշկներին, ովքեր անձնուրաց ջանքեր են ներդնում հիվանդներին ապաքինելու իրենց ծառայության մեջ:
Պահիր և պահպանիր մեր ժողովրդին և համայն աշխարհին, օգնական եղիր և քո աստվածային իմաստությունը պարգևիր հայրենի մեր իշխանություններին և աշխարհի բոլոր առաջնորդներին, որպեսզի համավարակի դեմ պայքարի ձեռնարկումները պսակվեն հաջողությամբ, և Քո առատ շնորհով ու ողորմածությամբ կարող լինենք հաղթահարելու նաև այս փորձությունը:
Արդ, ողորմած և մարդասեր Աստված, թողություն տուր մեր մեղքերին և ազատիր հիվանդություններից, որպեսզի մենք ամենքս գոհությամբ ու երախտագիտությամբ փառավորենք ու երկրպագենք Ամենասուրբ Երրորդությանդ, հավիտյանս հավիտենից. Ամեն»: