Ավագ Երեքշաբթի հիշատակն է տաս կույսերի։
Արթուն կացեք։ Պատրաստ եղեք։ Ահա տաս կույսերի առակի (Մատթեոս 25:1-13), ինչպես նաև Ավագ Շաբաթվա հիմնական հորդորը։ Այս պատրաստությունը քրիստոնյայի ողջ կյանքն ու հավատքի ճամփորդությունն է։
Հիսուս հորդորում է մեզ, ոչ միայն պահուստի համար ձեթ ունենալ, այլև ձեթի առատություն մեր կանթեղների մեջ։ Բայց ինչպե՞ս։
«Ձեթ» և «Ողորմություն» բառերը հին հունարենում նույն արմատն ունեն։ Հայ մատենագիրներից Առաքել Բաղիշեցին (15-րդ դար) ասում է. «Նրանք սեր և ողորմածություն ցույց չտվեցին։ Նրանց հոգևոր կանթեղների լույսը մարեց և նրանք չտեսան անմահ Փեսային։ Իսկ իմաստուն կույսերը, ովքեր սիրո և ողորմածության խորհրդանիշ ձեթ էին բերել իրենց հետ, բացեցին ամուսնական առագաստի դռները և ներս մտնելով տեսան անճառելի Արքային»։
Ուրեմն, Երկնքի արքայություն մուտք գործելու և Փեսայի անսահման ուրախությանը մասնակից դառնալու համար, մենք պետք է արթուն մնանք և պատրաստվենք ողորմության, սիրո և կարեկցանքի գործերով՝ ուրիշներին ևս հաղորդ դարձնելով Քրիստոսի լույսին և բժշկությանը։
Սիրիր քո մերձավորին, ինչպես Բարի Սամարացին, ով տեսնելով կարիքի մեջ եղող վիրավոր օտարականին. «մոտեցավ և կապեց նրա վերքերը, վրան ձեթ ու գինի ածեց և դնելով նրան իր գրաստի վրայ՝ տարավ մի իջևան և խնամեց նրան»։ (Ղուկաս 10:34)
Մատթեոս 25:1-13
¹ «Այն ժամանակ երկնքի արքայութիւնը պիտի նմանեցուի տասը կոյսերի, որոնք իրենց լապտերներն առած՝ փեսային եւ հարսին դիմաւորելու ելան։
² Նրանցից հինգը յիմար էին, իսկ հինգը՝ իմաստուն։
³ Յիմարները լապտերներն առան, բայց իրենց հետ պահեստի ձէթ չվերցրին։
⁴ Իսկ իմաստունները իրենց լապտերների հետ միասին ամաններով ձէթ վերցրին։
⁵ Եւ երբ փեսան ուշացաւ, ամէնքն էլ նիրհեցին եւ քուն մտան։
⁶ Եւ կէսգիշերին ձայն լսուեց՝ ահա՛ փեսան գալիս է, նրան դիմաւորելո՛ւ ելէք։
⁷ Այն ժամանակ բոլոր կոյսերը վեր կացան եւ իրենց լապտերները կարգի բերեցին։
⁸ Յիմարները իմաստուններին ասացին. «Ձեր այդ իւղից տուէ՛ք մեզ, որովհետեւ ահա մեր լապտերները հանգչում են»։
⁹ Իմաստունները պատասխան տուեցին եւ ասացին. «Գուցէ թէ՛ մեզ եւ թէ՛ ձեզ չբաւականացնի, ուստի գնացէ՛ք վաճառողների մօտ եւ ձեզ համար գնեցէ՛ք»։
¹⁰ Երբ նրանք գնացին, որ գնեն, փեսան եկաւ, եւ ովքեր պատրաստ էին, նրա հետ հարսանիքի սրահը մտան, ու դուռը փակուեց։
¹¹ Յետոյ եկան միւս կոյսերն էլ ու ասացին. «Տէ՛ր, տէ՛ր, բա՛ց արա»։
¹² Նա պատասխան տուեց ու ասաց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ ձեզ չեմ ճանաչում»։
¹³ Արթո՛ւն կացէք, որովհետեւ չգիտէք ո՛չ օրը եւ ո՛չ էլ ժամը»։