Չկա ոչինչ Աստծո համար անկարելի, և ամեն ինչ հնարավոր է նրա համար, ով հավատում է Ամենակարող Աստծուն։ 67-րդ Սաղմոսի առաջին համարները նկարագրում են Աստծո ամենազոր ուժը, որ հաղթանակ է տանում մեր փրկության թշնամիների նկատմամբ։ Չարն անհետանում է ինչպէս ծուխն է ցնդում, ինչպէս մոմն է հալվում կրակի դիմաց։ Երբ Աստված է քայլում դեպի մարտի դաշտ, բոլոր նրանք, ովքեր կանգնում են ճանապարհին պիտի փոշիանան։
Մեր Տիրոջ Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունն է մեծագույն զենքը, որ ունենք մեր փրկության թշնամու՝ Սատանայի դեմ պատերազմում։ Նրա միջոցով պիտի հաղթենք մեղքին, մահվանը, այո՛, համավարակն ու տնտեսական ճգնաժամը և ցանկացած փորձություն։ Ուրեմն. «Ուրախ եղեք, ցնծացեք նրա առջև և զուարճացեք ձեր ուրախությամբ», (Սաղմոս 67:4) քանզի ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ։