Այսօր մեր Եկեղեցին ոգեկոչում է Սուրբ Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Սուրբ Հովհաննեսը «անապատում կանչողի ձայնն» էր, որ ազդարարում էր Աստծո թագավորության գալուստը և պատրաստում էր Քրիստոսի ճանապարհը։
Հին ժամանակների մարգարեների օրինակով, նա ազդարարում էր ժողովրդի վրա հասնելիք Աստծո մոտակա դատաստանը և դարձի գալու անհրաժեշտությունը։ Նա խոսում էր ընդդեմ աշխարհի մեջ գոյություն ունեցող չարիքի և քարոզում էր ապաշխարություն։ Մարդիկ պետք է ապաշխարեին, զղջային և խոսոտվանեին իրենց մեղքերը, և միայն այդ ժամանակ պատրաստ կլինեին ընդունելու Հիսուսին և նրա կենարար շնորհը։
Սակայն մեղավոր աշխարհն իր անցողիկ փառքով չէր կարող տանել Հովհաննեսի պատգամը։ Իր խիզախության և անվախ քարոզչության պատճառով, Հերովդես արքան և իր անօրինական կին Հերովդիադան ատում էին նրան և որի համար էլ նրան գլխատել տվեցին։ Արդարության և ճշմարտության կոչը սպառնում էր նրանց անօրեն իշխանությանը և իրենց իշխանությունն ամեն գնով պահելու համար նրանք վերացրեցին Հովհաննեսին։
Ավետարանը նկարագրում է, թե ինչպես Հովհաննես Մկրտիչը զոհ դարձավ Հերովդեսի անօրեն կառավարության ամբարտավանությանը։ Նա մահվան ենթարկվեց առանց պատշաճ դատավարության, նրա մահվան վճիռը կայացվեց, երբ Հերովդեսը իր ծննդյան տարեդարձի ընթրիքն էր տալիս ժամանակի մեծամեծներին։ (Մարկոս 6:14-29)
Սուրբ Հովհաննես Մկրտիչը գլխատվեց, քանզի անվախ խոսում էր ճշմարտությունը և գործարքի մեջ չէր մտնում անօրենության, տի ու կեղծիքի հետ։ Այսօր էլ նրանք, ովքեր խոսում են ճշմարտությունը կամ վկայում իրենց քրիստոնեական հավատքը ենթարկվում են նախատինքի, հալածանքների և երբեմն իրենց կյանքը վտանգի են ենթարկում։ Թող Սուրբ Հովհաննես Մկրտիչը, որի մասին մեր մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. « Ճշմարիտ եմ ասում ձեզ կանանցից ծնվածների մեջ Հովհաննես Մկրտչից ավելի մեծը չի ելել», - քաջալերող և բարեխոս լինի մեզ համար՝ անվախ հռչակելու մեր հավատքը և բարձրաձայնելու ճշմարտությունը։