Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի երրորդ օրն է և օրվա ընթերցվածը Հովելի մարգարեության գրքից է.
«Ծոմի օ՛ր նշանակեցեք, աղո՛թք կազմակերպեցեք, հավաքեցե՛ք ծերերին, երկրի բոլոր բնակիչներին ձեր Աստծո տանը աղոթեցե՛ք Տիրոջը անկեղծ սրտով: Վա՜յ ինձ, վա՜յ ինձ, վա՜յ ինձ այն օրը, որովհետև մոտ է Տիրոջ օրը. թշվառություն թշվառության վրա պիտի հասնի» (Հովել 1.14-16):
Հովելի մարգարեության այս հատվածը Աստծո ժողովրդին ուղղված ահազանգ է՝ հետ դառնալու մեղքից և անբարոյականությունից։ Աստված մարգարեի միջոցով դիմում է իր ժողովրդին, որպեսզի ապաշխարեն իրենց մեղքերի համար և խուսափեն դատաստանից, որի անունն է «թշվառություն թշվառության վրա»։
Իսկ ինչպե՞ս է դա տեղի ունենում, ինչպե՞ս է ժողովուրդը հաշտվում Աստծո հետ։ Աստված ցույց է տալիս ճանապարհը, որն անցնում է պահքի և հավաքական աղոթքի միջով, երբ առաջնորդներն ու ժողովուրդը համախմբվում են Աստծո տանը, անկեղծ սրտով աղոթում են Աստծուն և իրենց սրտերով դառնում են դեպի Աստված։
Հետպատերազմյան այս ծանր օրերին, արդարև, մենք ևս կարիքն ունենք հաշտության օրակարգի, և հաշտություն՝ նախ և առաջ Աստծո հետ։ Մեր ժողովուրդը կարիքն ունի հոգևոր նորոգության, որպեսզի կարողանանք իրավիճակը սթափ գնահատել, հասկանալ դրա լրջությունը և գիտակցենք Աստծո ողորմության կարևորությունը մեր անձնական և հավաքական կյանքում։ Այո՛, մենք ամենից առաջ կարիքն ունենք Աստծո ողորմության մեր հայրենիքի համար, որովհետև միայն Աստված կարող է մարդկանց սրտերը փոխել, որպեսզի նրանք ազգի և հայրենիքի շահը վեր դասեն իրենց նեղ անձնական նկրտումներից։
Մեծ Պահքը լավագույն առիթն է, որպեսզի որպես անհատ և որպես հավաքականություն դառնանք դեպի Աստված։ Ուրեմն, պահք պահենք, միասնական աղոթքով աղաչենք Տեր Աստծուն և խնդրենք Նրա շնորհն ու ողորմությունը մեր կյանքերին, մեր ընտանիքներին, մեր ժողովրդին։ Անկեղծ սրտով աղոթենք և խնդրենք, որ Ամենողորմն Աստված նորոգություն պարգևի մեր հայրենական կյանքին։
留言