top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ամանորյա պատգամ


Սիրելիներ հավատավոր քույրեր և եղբայրներ,


Նոր տարվա առաջին այս օրը, աղոթքով և հուսառատ հայացքով նայում ենք 2021 թվականին։ Թվում էր, թե ամանորի գիշերվա ինչ որ մի հրաշքով անցնող տարին իր բոլոր ողբերգություններով, հուսահատություններով, ձախողումներով և տխրություններով պիտի մնար անցյալում և Նոր Տարին սկսէինք նոր ուրախությամբ, սակայն կարծես ոչինչ էլ իրականում չի փոխվել։ Տակավին տխուր են մեր հոգիները, սգում ենք մեր հազարավոր զավակների և մեր հայրենիքի զգալի մասի կորուստը։ Մտահոգ ենք մեր երկրի ապագայով և նրա առջև ծառացած քաղաքական, տնտեսական և սոցիալական ճգնաժամով։ Անհանգստությունն ու անորոշությունը թևածում են մեր մռայլ իրականության մեջ։

Մեզանից շատերը նաև անձնական ցավ ու անհանգստություն ունեն այս նոր տարում։ Շատերը ընտանեկան հարաբերությունների մեջ խնդիրներ ունեն, ուրիշներ միայնակ են, կամ վատառողջ, ոմանք էլ սգում են համավարակին զոհ գնացած իրենց սիրելիների կորուստը։ Արդարև, նոր տարվա այս սեմին շատերս ենք ցավի ու մտատանջության մեջ։

Ողջ աշխարհն է ահագնացող համավարակի և տնտեսական ճգնաժամի մեջ։ Մարդիկ կորցրել են վստահությունը իշխանությունների նկատմամբ։ Հասկանում են, որ խաբվել են։ Այլապես, ինչպե՞ս կարող ենք բացատրել այս ցավալի կացությունը, որի մեջ գտնվում ենք։ Շատ շատերը կորցրել են իրենց աշխատանքը և հասել աղքատության եզրին։ Ոմանք կարծում էին ապահովել են իրենց ապագան, սակայն այսօր տեսնում են, թե ինչպես է իրենց տարիների աշխատանքը հոդս ցնդում։ Եվ այդ կորստի հետ գալիս է վախն ու սաստկացող անորոշությունը։ Հոգեբանները մեր այս ներկա կացությունը կոչում են «վախի հոգեբանական համավարակ», որն ավելի աղետաբեր է քան ցանկացած համավարակ։

Հիմա կրող եք ասել. «Հա՛յր Սուրբ, այս ի՜նչ մռայլ գույներով և հոռետեսությամբ ես նկարագրում իրավիճակը: Մի՞թե բնավ հույս չկա»։ Սիրելիներ, ես ո՛չ հոռետես եմ և ո՛չ էլ միամիտ լավատես։ Ո՛չ խավարն եմ անիծում, ո՛չ էլ հավատում եմ, որ իմ վառած մի մոմը պիտի փարատի խավարը։ Ես հուսառատ իրատես եմ։ Հույսով հավատում եմ, որ միայն Աստծո կենարար լույսը պիտի փարատի մեր կյանքի մռայլ խավարը և մեզ դարձնի լույսի որդիներ։

Ինչպես Սբ. Պողոս Առաքյալն է ասում. «Թեպետ մի ժամանակ խավար էիք, բայց հիմա լույս եք Տիրոջով. ապրե՛ք որպես լույսի որդիներ» (Եփես. 5:8)։ Շարունակության մեջ առաքյալը երեք միջոց է մատնանշում, որոնցից յուրաքանչյուրը ուղեցույց են մեզ գալիք տարվա և մեր կյանքի բոլոր օրերի համար, թե ինչպե՛ս պետք է ապրենք, լույսի որդիներս, այս համատարած վախի և անորոշության խավարի մեջ։ Առաքյալը գրում է. «Տեսե՛ք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ. ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են. դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թե ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5:15-17)։

Ա. Նախ և առաջ զգույշ ընթանանք - «Տեսեք, թե ինչպիսի զգուշությամբ պետք է ընթանաք. ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ» (Եփես. 5:15)։

Զգուշությամբ ընթանալ նշանակում է քայլել այնպես, ինչպես զառիթափ լեռան նեղ արահետով։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Որքա՜ն անձուկ է այն դուռը և նեղ՝ այն ճանապարհը, որ դեպի կյանք է տանում, և քիչ են նրանք, ովքեր գտնում են այն» (Մատթ. 7:14)։ Արդարև, այս անձուկ և նեղ ճանապարհով ենք ընթանում և այդ ճանապարհի վրա մնալու, չսայթաքելու, չշեղվելու համար շատ ուշադիր պետք է հետևենք մեր քայլերին։

Ընթացքն, անշուշտ, մեր ապրելակերպն, քրիստոնեական մեր ընթացքը։ Պետք է ուշադրություն դարձնենք մեր վարքին ու բարքին և վստահ լինենք, որ այն համապատասխանում է մեր քրիստոնեական կոչմանը, աստվածային այն կյանքին, որին կանչվեցինք ապրելու Աստծո փառքի համար։ Պետք է ընթանանք «ոչ թե ինչպես անմիտներ, այլ՝ ինչպես իմաստուններ»։ Առաքյալը հաջորդ երկու համարների մեջ ցույց է տալիս, թե ինչ է նշանակում իմաստությամբ ընթանալ։

Բ. Օգտագործենք ժամանակը - «Ժամանակն օգտագործեցե՛ք, քանզի օրերը չար են» (Եփես. 5:16)։

Իմաստուն ճանապարհորդն օգտագործում է ժամանակը։ Հունարենում ժամանակի համար երկու տարբեր բառեր կան։ Մեկը ժամանակի միավորների քանակն է՝ վարկյաններ, րոպեներ ու ժամեր, իսկ մյուսը ժամանակին որակ է, այն հնարավորության առիթը, ներկա պահի հրամայականը, որ գործողություն է պահանջում։

Այստեղ ժամանակ բառը գործածված է երկրորդ իմաստով։ Այն մեր ծննդյան և մահվան միջև ընկած ժամանակահատվածի որակն է, Աստծո կողմից պարգևված մեր կյանքի հնարավորություններն ու առիթներն են, շնորհներն ու տաղանդները, թե ինչպես ենք դրանք օգտագործում, ինչ նպատակով և ինչպես ենք ապրում, որպես քրիստոնյաներ, Աստծո փառքի համար։

Գրաբար թարգմանության մեջ ասվում է. «Ժամանակը գնեցեք», այսինքն՝ ժամանակը ծախու առեք։ Արդարև, ժամանակը սուղ է, որովհետև մեր հավիտնությունը պայմանավորված է նրանով, թե ինչպես ենք օգտագործում այդ ժամանակը։ Եթե ցանկանում ենք հավիտենական կյանք ունենալ Քրիստոսի հետ, այս կյանքում պետք է հեռանանք մեղքից և հետևենք ու ապավինենք Քրիստոսին։ Ժամանակը Աստծո պարգևն է մեզ՝ հավիտենությանը պատրաստվելու համար։ Եթե անմտորեն վատնենք այն, ապա հավիտենությունը բավական չի լինի սգալու դրա կորուստը։

Գ. Իմանանք Աստծո կամքը - «Դրա համար անմիտ մի՛ եղեք, այլ իմացե՛ք, թէ ի՛նչ է Տիրոջ կամքը» (Եփես. 5:17)

Նոր տարվա առաջին օրերին երիտասարդ ճեմարանականը ոգևորված մի թուղթ է վերցնում և ցուցակ կազմում, թե ինչ պիտի անի Աստծո համար։ Նա գրի է առնում այն վատ սովորությունները, որոնցից պետք է իսպառ հրաժարվի, այն ոլորտները որտեղ, որպես հոգևորական, ծառայություն պիտի բերի։ Ոգևորված նա տանում և այդ թուղթը դնում է եկեղեցու խորանին՝ կարծելով, որ ուրախություն պիտի զգա, սակայն փոխարենը դատարկություն է զգում։ Վերադառնում է իր սենյակը, սկսում նոր բաներ ավելացնել այդ ցուցակին և կրկին տանում ու զետեղում է այն եկեղեցու խորանին։ Բայց կրկին բան չի զգում։ Հուսահատ՝ Նա գնում է տարեց մի հոգևորականի մոտ, բացատրում է իրավիճակը և օգնություն խնդրում։ Հոգևորականն ասում է. «Վերցրու մաքուր մի թուղթ, անունդ գրի թղթի տակ և դիր այն խորանին»։ Երիտասարդը վարվում է այնպես, ինչպես իմաստուն հոգևորականն է խրատում և անմիջապես խաղաղություն է գալիս իր սրտին։

Արդարև, հաճախ մեր ձախողումների ու դժբախտությունների պատճառն այն է, որ աղոթում ենք. «Տեր, թող քո կամքը լինի երկրի վրա, ինչպես որ երկնքում է», բայց շատ հաճախ մեր կամքն ենք պարտադրում։ Մենք ևս, մեր այս նոր տարվա ճերմակ գիրքը բերենք և դնենք Սուրբ խորանին, ասենք. «Հա՛յր, Քո կամքը թող լինի», և շարժվենք Աստծո կամքի համաձայն։

Սիրելիներ, նոր տարին նոր ճանապարհ է բացում մեր առաջ։ Այն բոլորովին մի նոր ճանապարհ է և նման չէ նախորդներին, քանզի մեր կյանքը այլևս առաջվանը լինել չի կարող։ Մեր առաջին քայլերն անելով՝ չգիտենք, թե ինչե՛ր պիտի պատահեն, ինչե՛ր պիտի տեսնենք ու գտնենք այդ ճանապարհին, սակայն թո՛ղ որ Աստծո կենարար լույսը մեզ հետ պիտի լինի, առաջնորդի մեզ և լուսավորի մեր ընթացքը։ Եթե հետևելով առաքյալի հորդորին ընթանանք զգուշությամբ և իմաստությամբ, լավագույնս օգտագործենք ժամանակը և ըմբռնենք ու գործադրենք Տիրոջ կամքը, ապա Աստված մեզ հետ պիտի ընթանա մեր ճանապահի ողջ ընթացքում։ Ուրեմն, չվարանենք և չհապաղենք, ամուր կանգնենք մեր ոտքերի վրա և անվախ առաջ ընթանանք այս նոր տարում՝ գոհություն հայտնելով Աստծուն և ողջ ճանապարհին հռչակելով ու վկայելով Աստծո հավատարիմ սիրո մասին։

Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը, սերն ու ողորմությունը թող ձեզ հետ լինեն այս նոր տարում և ձեր կյանքի բոլոր օրերում. Ամեն։


Մեսրոպ Վարդապետ Պարսամյան - Պատգամ Ամանորի առիթով

Սբ. Գայանե Վանք – Հունվար 1, 2021թ.

400 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page