top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Անմնացորդ նվիրում



Երեկ հեռուստատեսությամբ լսեցի Արմավիրցի 6-ամյա Վահեի մասին, ով ընկույզներ վաճառելով՝ Հայոց Բանակի համար 77 հազար 450 դրամ է փոխանցել «Հայաստան» համահայկական հիմնադրամին։ Օրեր առաջ էլ կարդացի ամերիկահայ մի երիտասարդի մասին, ով տուն գնելու նպատակով արված իր 20 տարվա խնայողությունները՝ 100 հազար ԱՄՆ դոլար, նվիրաբերեց համահայկական հիմնադրամին։


Այս և նմանատիպ պատմությունները կարծես շարունակությունն են այսօրվա ավետարանական ընթերցվածի։ Մարկոս Ավետարանիչը գրում է. «Հիսուսը, կանգնած գանձանակի դիմաց, դիտում էր, թե ինչպե՛ս էր ժողովուրդը դրամ գցում գանձանակի մեջ։ Շատ հարուստներ մեծ գումարներ գցեցին։ Մի այրի կին եկավ և երկու լումա գցեց, այսինքն՝ մի նաքարակիտ։ Հիսուսը, իր մոտ կանչելով իր աշակերտներին, ասաց նրանց. «Ճշմարիտ եմ ասում ձեզ, որ այն թշվառ այրին ավելի շատ գցեց, քան բոլոր նրանք, որ գանձանակի մեջ դրամ գցեցին, որովհետև բոլորն իրենց ավելորդից գցեցին, մինչդեռ նա իր չքավոր վիճակով գցեց այն ամենը, ինչ ուներ՝ իր ամբողջ ապրուստը» (12:41-44)։


Այրի և աղքատ կնոջ այս հուզիչ արարքի մեջ լավագույնս դրսևորվում են աստվածային առաքինությունները՝ հավատը, հույսը և սերը։


ՀԱՎԱՏ - Այրի կինը առանց վարանելու իր ամբողջ ապրուստն է նվիրում Աստծուն՝ հավատալով և վստահելով Նրա հայրական խնամքին։ Նա կարծես ասում է. «Ամենախնամ Տեր, Քեզ եմ հանձնում իմ անձը, Դո՛ւ հոգա և պատրաստիր իմ հոգու և մարմնի կարիքները այսուհետև մինչև հավիտյան»։


ՀՈՒՅՍ - Այրի կինը աներկբա հույս ուներ, որ անգամ այդ չնչին գումարը իր օժանդակությունը պիտի բերի Աստծո և իր ազգի ծառայությանը։ Նա հույս ուներ, որ Աստված հրաշքներ պիտի գործի անգամ այդ համեստ զոհաբերության միջոցով։


ՍԵՐ - Եւ վերջապես Այրի կինը կատարեց իր ամբողջանվեր ու անմնացորդ զոհաբերությունը, որովհետև ամբողջ սրտով սիրում էր իր Աստծուն և իր ազգին։

Սիրելիներ, այսօր, երբ համազգային հանգանակություն ենք կատարում՝ սատարելու Հայոց Բանակին և Արցախ աշխարհին, կարևոր չէ, թե ով ինչքան և ինչ նվիրատվություն է անում, այլ՝ ինչպես։ Աստծո և մեր Հայրենիքի հանդեպ մեր պարտականությունները, մեր նյութական նվիրատվությունները, ինչպես նաև աննյութականը՝ մեր ժամանակը, տաղանդը, ծառայությունը, աղոթքները, կարողություններն ու հնարավորությունները, կատարենք ջերմեռանդ սիրով, աներեր հույսով և աներկբա հավատով։ Եւ Աստված մեր անմնացորդ նվիրումին ի պատասխան հրաշքներ պիտի գործի՝ հաղթանակ պարգևելով մեր Հայրենիքին ու մեր հերոսական Բանակին։

46 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page