top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Անսպառ Գթությունը



«Ընտրյալ մարդիկ դադարեցին օրհնություններ երգելուց։ Մեր սրտերը զրկվեցին ուրախությունից» (Ողբ 5:14-15)։


Կյանքում լինում են պահեր, երբ թվում է, թե ոչինչ այլևս առաջվանը լինել չի կարող։ Մարդ իրեն կոտրված է զգում և վախենում է անգամ հուսալ։ Կամ էլ գիտի, որ լավ օրեր, այնուամենայնիվ, գալու են, սակայն հուսահատությունն այնքան մեծ է, որ նա չի կարողանում հաղթահարել իր թախիծն ու վիշտը։ Երաժշտությունը դադարել է և նրա սիրտը՝ զրկվել ուրախությունից։


Երեմիա մարգարեն նման ապրումների մեջ գրեց իր «Ողբը», որը Հին Կտակարանում հայտնի է «Ողբ Երեմիա մարգարեի» վերտառությամբ։ Այս գիրքը բաբելացիների կողմից Երուսաղեմի ավերածությունից ու նրա ժողովրդի գերեվարությունից հետո Սուրբ քաղաքին ձոնված սգալից երգերի ժողովածու է։


Այստեղ Երեմիա մարգարեն խոստովանում է Աստծո զորությունն ու արդարությունը, սակայն միևնույն ժամանակ նկարագրում է իր և իր ժողովրդի մերժված լինելու հուսահատ զգացումը։ Մարգարեն բացականչում է. «Ինչո՞ւ իսպառ մոռացար մեզ, պատժեցիր, թողեցիր ու երկար ժամանակով լքեցիր մեզ» (Ողբ 5.20)։


Եթե այս զգացումն ունեք, ապա քաջալերվեցե՛ք և վստա՛հ իմացեք, որ դուք մենակ չե՛ք, և Աստված ամբողջապես հասկանում է ձեզ։ Աստծո Միածին Որդին՝ Մեր Տեր Հիսուս Քրիստոս, ծաղրվեց ու չարչարվեց իր թշնամիների կողմից, դավաճանվեց Իր մտերիմներից և խաչափայտի վրա անգամ անասելի տառապանքի մեջ աղաղակեց. «Աստվա՜ծ իմ, Աստվա՜ծ իմ, ինչո՞ւ լքեցիր ինձ» (Մարկոս 15.34)։


Սակայն այս ամենից հետո Աստված «նրան առավել բարձրացրեց և նրան շնորհեց անուն, որ վեր է բոլոր անուններից, որպեսզի Հիսուս Քրիստոսի անվանն ամեն ծունկ խոնարհվի … և ամեն լեզու խոստովանի, որ Հիսուս Քրիստոսը Տե՛ր է՝ ի փառս Հայր Աստծու» (Փիլիպեցիներին 2.9-11)։


Հուսահատության խավարի միջից Երեմիա մարգարեն իր հայացքը հառել էր Աստծո փրկության հենց այս խոստումի լույսին և դրա համար էլ կարողացավ անգամ ամենահուսահատ իրավիճակի մեջ ուժ գտնել և երգել հավատքի բառերով, որոնք դարեր շարունակ հույս են ներշնչում միլիոնավոր հավատացյալների. «Անսպառ են Տիրոջ ողորմությունները, նրա գթությունները չեն նվազում։ Ամեն նոր առավոտի հետ բազմանում է քո ճշմարտությունը, Տե՛ր» (Ողբ 3.22-23)։

23 views0 comments

Recent Posts

See All

ความคิดเห็น


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page