«Աշխարհի Լույսը» հայտնի նկարի հեղինակը անգլիացի նկարիչ Հոլման Հանթն է (1827-1910)։ Նկարում պատկերված է Տեր Հիսուս Քրիստոս՝ փշե պսակով և լապտերը ձեռքին։ Նա թակում է խոտածածկ և փակ մի դուռ՝ համաձայն Հայտնության Գրքում հանդիպող հետևյալ հիասքանչ տողերի. «Ահավասիկ ես դռան առաջ եմ և բախում եմ. եթե մեկը ականջ դնի իմ ձայնին և բացի դուռը, ես ներս կմտնեմ և կընթրեմ նրա հետ, նա էլ՝ ինձ հետ» (Հայտնություն 3:20)։
Պատմում են, որ նկարիչը կտավն ավարտելուց հետո այն ցույց է տալիս իր ընկերներին, ովքեր դրվատում են նկարչի տաղանդը և պատկերի գեղեցկությունը։ Նրանցից մեկը, սակայն, նկատում է. «Հոլմա՛ն, ընկե՛րս, դռան վրա բռնակ չես նկարել»։ Հոլման Հանթն առանց վարանելու պատասխանում է. «Ընկերս, բռնակը ներսի կողմից է։ Մե՛նք պետք է բացվենք Լույսին»։
Դուռն, անշուշտ, մարդկային սիրտն է, իսկ խոտածածկը՝ մեր մեղքերը, որոնք մեզ հեռացնում են Աստծուց։ Մեղքերի պատճառով մենք «օտարանում ենք Աստծո կյանքից» (Եփեսացիներին 4.18) և մեր սրտերի դռները փակում Նրա առաջ: Սակայն Աստված, ինչպես միշտ, անում է առաջին քայլը՝ գալով դեպի մեր սրտի դուռը և թակելով այն։
Աստվածաշնչի հիասքանչ հիշեցումներից մեկն այն է, որ մարդ արարածը Աստծո մտածմունքի առանցքն է։ Աստվածաշնչի առաջին մենախոսությունը Աստծո մենախոսությունն է մարդու մասին. «Եվ Աստված ասաց. «Մարդ ստեղծենք ըստ մեր պատկերի և նմանության, և թող իշխեն ծովի ձկների, երկնքի թռչունների, ողջ երկրի կենդանիների և երկրի վրա սողացող բոլոր սողունների վրա»» (Ծննդոց 1.26)։ Աստվածաշնչի առաջին երկխոսությունը և առաջին հարցադրումը ևս մարդուն է ուղղված. «Որտե՞ղ ես Ադամ։ Ինչո՞ւ ես թաքնվում։ Ինչո՞ւ ես փախչում ինձանից» (հմմտ. Ծննդոց 3.9)։
Արդարև, ո՛չ թե մենք, այլ Աստվա՛ծ է տևապես փնտրում մեզ։ Ի սկզբանէ Աստված կանգնած է մեր սրտի դռների առաջ և թակում է այն։ Նա ցանկանում է, որ մարդկությունն Իր հետ անձնական հաղորդության մեջ լինի։ Ընտրությունը մերն է, թե ինչպես կպատասխանենք դռան թակոցին՝ կանտեսենք այն, կամ կբացենք դուռը։
Դուռը բացելու համար, նախ այն պետք է մաքրենք խոտածածկից՝ մեղքերից, խոստովանությամբ և ապաշխարությամբ։ Պետք է հավատանք Աստծո Միածին Որդուն Հիսուս Քրիստոսին, լսենք նրա ձայնը և նրան հրավիրենք մեր հարկից ներս։ Եվ երբ այս անենք, աշխարհի Լույսը՝ Տեր Հիսուս Քրիստոս, մուտք կգործի մեր կյանքերից ներս և կլուսավորի մեր կյանքի ամենամութ անկյուններն անգամ իր կենարար հույսի լույս ճառագայթներով։
Comments