120-րդ սաղմոսը կոչվում է «Օրհներգություն Բարձունքի աստիճանների վրա»։ Այն ընթերցվում էր դեպի Երուսաղեմ ճամփորդության ժամանակ։ Այդ ճանապարհը լի էր բազմաթիվ վտանգներով՝ ամայի վայրեր, վայրի կենդանիներ, մարդասպան ավազակներ ... և այս բոլոր վտանգների մեջ սաղմոսերգուն քայլում է աչքերը դեպի Տերը հառած և ապավինում է երկնքի ու երկրի Արարչի օգնությանը։
Դեպի երկնային Երուսաղեմ մեր կյանքի ճամփորդությունը ևս լի է վտանգներով, անորոշությամբ և վախերով։ Սաղմոսերգուի նման մենք ևս քայլենք մեր հայացքները դեպի երկինք հառած, վստահենք մեր ամենախնամ Տիրոջը, որի ձեռքերում է ամեն իշխանություն, թե՛ երկնքում և թե՛ երկրի վրա։ Սրտաբուխ աղոթքով դիմենք Ամենակարող Աստծուն, որպեսզի մեր կյանքի ճամփորդությունը խաղաղ ընթանա, և որպեսզի Նա ազատի մեզ տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից ու փորձություններից»։
Մեսրոպ վարդապետ Պարսամյան
Սաղմոս 120
«Աչքերս դեպի լեռները բարձրացրի, որտեղից ինձ օգնություն պիտի գա։ Ինձ օգնություն պիտի գա Տիրոջից, որ ստեղծեց երկինքն ու երկիրը։
Թող քո ոտքը չսասանվի, և քո Պահապանը թող չննջի,
ինչպես չի ննջում և քուն չի մտնում Պահապանն Իսրայէլի։
Տերը քեզ կպահպանի, Տերը քեզ կնդունի իր աջ ձեռքով։
Ցերեկն արեգակը քեզ չի վնասի, ոչ էլ լուսինը՝ գիշեր ժամանակ։
Տերը քեզ կպահպանի ամեն չարիքից, Տերը կպահպանի քեզ։
Տերը կհսկի քո մուտքն ու ելքը՝ այսուհետև մինչև հավիտյան»
Comments