Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 19-րդ օրն է և օրվա ընթերցվածը Եսայու Մարգարեության գրքից է (42.1-8):
«Ձախջախված եղեգը նա չի ջարդելու և առկայծող պատրույգը չի մարելու» (Եսայի 42.3):
Ինչպես այսօր, այնպես էլ Եսայի մարգարեի ժամանակ եղեգներն աճում էին գետի ափերին, և հաճախ երեխաները խաղալիս կոտրում էին դրանք ու նետում ջրի մեջ։ Հազարավոր եղեգների մեջ մի քանի կոտրված եղեգները էական չէին, ավելին՝ դրանք այլևս պիտանի չէին սրինգ պատրաստելու կամ մեկ այլ նպատակի համար։
Իսկ պատրույգն այն քուղն էր կամ թելը, որը դրվում էր ձիթայուղի մեջ՝ կանթեղը վառելու համար։ Պատրույգը վառվում և լույս էր ճառագում այնքան ժամանակ, մինչև ձիթայուղն սպառվեր։ Դրանից հետո լույսն աստիճանաբար մարում էր, իսկ պատրույգն առկայծելով ծուխ էր արձակում։
Ջախջախված եղեգը և առկայծող պատրույգը գեղեցիկ և խորհրդավոր պատկերներ են։ Եսայի մարգարեն գործածում է դրանք՝ որպես խորհրդանիշ նրանց համար, ովքեր դժվարությունների և նեղությունների ծանրության տակ կքել ու կոտրվել են, և կամ սպառվել ու մարում են։
Մարգարեության այս համարը, որը Մատթեոս Ավետարանիչը մեջբերում է մեր Տեր Հիսուս Քրիստոսի վերաբերյալ (Մատթեոս12.20), Աստծո խոստումն է, որ Օծյալ Փրկիչը պիտի հոգ տանի և մխիթարի անտեսվածներին, հոգով ու սրտով բեկյալներին և ուժասպառներին։
Կյանքի դժվարությունների և դժբախտությունների քամին կարող է ջախջախիչ հարված հասցնել մեզ և անգամ մարել մեր տան ճրագը, սակայն երբ Փրկիչը գտնում է մեզ, խնամքով նորոգում է, փչում թերահավատությունից մարող մեր պատրույգին, որպեսզի այն կրկին բոցավառվի։ Աշխարհը նմաններին դատապարտում է և վերջնականապես ջախջախում, իսկ Աստված բժշկում է ու վերականգնում։
Ուրեմն, երբ կոտրված և ուժասպառ ենք՝ ջախջախված եղեգի, կամ առկայծող պատրույգի նման, դիմե՛նք Աստծո միածին Որդուն՝ Հիսուս Քրիստոսին, և Նա իր գթառատ սիրով կնորոգի մեր կյանքն ու կբոցավառի մեր առկայծող հույսը։
Comments