top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Աստծո Սերը



Սուրբ Ներսես Մեծ Հայրապետի նման, որի հիշատակը տոնում ենք այսօր, չորորդ դարի մեծանուն Հայրապետներից Սուրբ Հովհան Ոսկեբերանը ևս, իրեն բնորոշ ուղղամիտ համարձակությամբ խրատում և հանդիմանում էր արքունիքի և հասարակության հոռի բարքերը, որի պատճառով էլ երկու անգամ աքսորի ենթարկվեց:


Երկրորդ և վերջին անգամ 404թ.ի այս օրը, հունիս 20-ին, նա աքսորվում է Փոքր Հայքի Կոկիսոն քաղաքը, ինչպես պատմիչն է գրում. «առեալ տարան յանապատն Հայոց», որտեղ նա մնում է երեք տարի: Այդ ընթացքում ուխտավորների անընդմեջ շարք է ձգվում Անտիոքից դեպի Կոկիսոնի հայոց եկեղեցի: Տեսնելով Հովհան Ոսկեբերանի աճող հեղինակությունը` նրա թշնամիները խնդրում են Արկադիոս կայսրին աքսորել Հովհանին մերձսևծովյան Պիտիոս անմարդաբնակ վայրը: Սուրբ Հովհան Ոսկեբերանը ենթարկվում է ծանր տաժանակրության, ցուրտ ձմռանը ճանապարհի մեծ մասն անցնում է հետիոտն և Պոնտոսի Կոմանա քաղաքի մոտ, աքսորավայր չհասած, վախճանվում է 407 թ.-ին:


Երեք տարի տևած անասելի տառապանքները, չարչարանքներն ու աքսորը չկարողացան կոտրել Ոսկեբերան Հայրապետի քաջարի ոգին և նա մինչև մահ հավատարիմ մնաց Քրիստոսին և Նրա Ավետարանին՝ իր խիզախ կեցվածքով օրինակ և քաջալերություն հանդիսանալով աշխարհի բոլոր քրիստոնյաներին։


Սակայն ո՞րն էր նրա արիության և զորության գաղտնիքը՝ հատկապես աքսորի այդ վայրագ տարիներին։ Պատասխանը կարդում ենք իր ընկերոջը՝ Օլիմպիասին գրված Սուրբ Հովհանի նամակների մեջ, ով ևս աքսորվել էր՝ Ոսկեբերանի հետ ունեցած իր ընկերության պատճառով։


Ցրտից և տաժանակիր աշխատանքից քարացած մատներով Ոսկեբերան Հայրապետը վերցնում է գիրչը և սիրավառ սրտով գրում. «Աստված ոչ միայն պահպանում է մեզ, այլև սիրում է մեզ. Նա ջերմեռանդորեն սիրում է մեզ անբացատրելի մի սիրով, անկիրք և սակայն ջերմ սիրով, հզոր, հարազատ, անխաթար, հրավառ սիրով, սիրով որ անհնար է մարել»։


Արդարև, աքսորի ցուրտ տարիներին Ոսկեբերան Հայրապետի արիության և ջերմության աղբյուրը Աստծո Սուրբ Սիրո կրակն էր, որն իր կենարար լույսով ցրում է հուսահատության խավարը և ջերմացնում ու գոտեպնդում է հավատքով լեցուն սրտերը։ Ինչպես Սուրբ Եղիշե պատմիչն է ասում. «Աստծո սերն ավելի մեծ է, քան ամեն երկրավոր մեծություն. և այնպես աներկյուղ է դարձնում մարդկանց, ինչպես հրեշտակների անմարմին զորքերը»։


Հրեշտակակրոն Սուրբ Հովհան Ոսկեբերան Հայրապետ, բարեխոսիր մեզ համար։

36 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page