Այսօր Ավագ Հինգշաբթի է, երբ Տեր Հիսուս Քրիստոս գալիս է Վերնատուն, լվանում է Իր աշակերտների ոտքերը և նրանց հաղորդ դարձնում Իր Մարմնին ու Արյանը՝ այսպիսով հաստատելով Ս. Հաղորդության խորհուրդը։
Տեր Հիսուս Քրիստոս նախ հեզության և խոնարհության օրինակ է հանդիսանում՝ ծունկի գալով Իր աշակերտների առջև ու լվանալով նրանց ոտքերը։ Այդկերպ Նա պատգամում է իր աշակերտներին և բոլոր քրիստոնյաներին լինել խոնարհ և ծառայասեր այս հպարտ և եսապաշտ աշխարհում. «Արդ, եթե ես՝ Տերս ու Վարդապետս, լվացի ձեր ոտքերը, դուք էլ պարտավոր եք միմյանց ոտքերը լվանալ։ Որովհետև մի օրինակ տվեցի ձեզ, որպեսզի ինչպես ես ձեզ արեցի, դուք էլ նույն ձևով անեք» (Հովհաննես 13.14-15):
Այնուհետև, Տեր Հիսուս Քրիստոս հաստատում է Ս. Հաղորդության խորհուրդը։ Նա վերցնում է հացը, օրհնում այն, կտրում, և տալով իր տասներկու աշակերտներին` ասում. «Առե՛ք, կերե՛ք, այս է Իմ մարմինը»: Ապա, բաժակը վերցնելով, գոհություն է հայտնում, տալիս նրանց ու ասում. «Խմե՛ք դրանից ամենքդ, որովհետև դա է նոր ուխտի իմ արյունը, որ շատերի համար թափվում է մեղքերի թողության համար» (Մատթեոս 26.26-28):
Սուրբ Հաղորդության շնորհիվ մենք միավորվում ենք Քրիստոսի՝ մեր կյանքի, հույսի, և հարության հետ։ Սուրբ Հաղորդությունը սկսվում է լվացումով՝ մկրտությամբ, որով վերածնվում ենք և նախապատրաստվում Քրիստոսի մարմնի և արյան հաղորդությանը: Մկրտության միջոցով մաքրվում է «Աստծո պատկերը» մեր մեջ` Քրիստոսատիպ դարձնելով մեզ, իսկ Հաղորդությունը մոտեցնում է «Աստծո նմանությանը» և Քրիստոսի հետ ամբողջական միությանը` աստվածացնելով մեզ շնորհի միջոցով, ինչպես գեղեցկորեն բնութագրում է Ս. Ներսես Շնորհալի հայրապետը. «Շուրթերով համբուրում ենք սերը և բերանով ճաշակում բոլորին կերակրողին և մեր սրտերում ընդունում ենք և հոգով միանում Նրա հետ և դառնում աստված՝ շնորհով Աստծո հետ միավորվելով»:
Եթե մկրտությամբ մաքրվում ենք ադամական մեղքից և վերստին ծնվում, ապա Սուրբ Հաղորդությունը ստնտու մոր նման կերակրում է մեզ Սուրբ Հոգով և մասնակից դարձնում Քրիստոսի անձնազոհ սիրուն: Մարդկային մեր տկարությունը հաղորդակցվում է աստվածային բնության, իսկ ապականացու մեր մարմինը` աստվածային անապական և անմահ էության հետ:
Տեր Հիսուս այսօր մեզ հրավիրում է սեղանակից լինելու Իրեն՝ իմանալով հանդերձ, որ մենք տկար են, միգուցե մատնենք իրեն, ուրանանք կամ թողենք ու փախչենք։ Նա ցանկանում է, որպեսզի զորանանք այն հացով, որն Իր Մարմինը դարձավ և այն գինով, որն Իր արյան վերածվեց, որպեսզի կարողանանք Աստծո հանդեպ հավատարմությամբ շարունակել մեր հոգևոր ընթացքն այս աշխարհում և այդ ճամփորդության ավարտին սեղանակից լինենք Տիրոջը Երկնքի Արքայության ընթրիքին:
Comments