Հայոց Եկեղեցում Մեծ Պահքը և Ավագ Շաբաթը երկու տարբեր պահքեր են։ Մեծ Պահքի 40 օրերը, որոնք խորհրդանշում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի քառասնօրյա առանձնացումն անապատում, ավարտվում են Ծաղկազարդին նախորդող ուրբաթ օրը, որից հետո սկսվում է Ավագ Շաբաթը։ Այն Սուրբ Զատկի տաղավար տոնին նախորդող շաբաթապահք է, որը կոչվում է նաև չարչարանաց շաբաթ, քանզի հիշատակությունն է մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքների և խաչելության։
Ավագ Շաբաթը մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքի, ինչպես նաև մեր հոգևոր կյանքի բարձրակետն է, քանզի այս օրերին մեր Տիրոջ հետ քայլում ենք դեպի գողգոթայի բարձունքը՝ մասնակից լինելու Նրա չարչարանքներին և տեսնելու Աստծո անսահման սիրո գերագույն դրսևորում: Ինչպես գրում է Ս. Պողոս Առաքյալը. «Աստված իր սերը մեր հանդեպ հայտնեց նրանով, որ չնայած մեղավոր էինք, Քրիստոսը մեզ համար մեռավ» (Հռոմեացիներին 5.8) Աստծո Միածին Որդին՝ Հիսուս Քրիստոս, խաչվելու է մեզ համար, մահանալու և հարություն է առնելու մեր փրկության համար, հավիտենական կյանքի անսպառ ուրախությունը մեզ պարգևելու համար։
Ավագ Շաբաթվա օրերն ունեն մասնավոր խորհուրդ և անվանում։ Հետևեք մեր էջին բացահայտելու յուրաքանչյուր օրվա խորհուրդը և խոկումով ընկերակցելու մեր Տեր Հիսուս Քրիստոսին Իր երկրային կյանքի վերջին օրերին, որպեսզի Սուրբ Զատկի հրաշափառ տոնին փարվենք մեր հարուցյալ Տիրոջը և միմյանց ողջունենք Հարության ուրախարար ավետիսով։
Comments