Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տոնին նախորդող ողջ շաբաթը կոչվում է «Արարատյան շաբաթ»՝ պատմական Այրարատ նահանգի մեջ կամ Արարատյան դաշտում տեղի ունեցած հոգևոր-ազգային կարևոր իրադարձությունների պատճառով:
Ազգային-եկեղեցական հիանալի տոներով լեցուն այս շաբաթը խորհրդանշում է հայոց դարձն ու քրիստոնեական հավատքի լույսի տարածումը, որը վանեց կռապաշտության խավարը: Թադեոս և Բարդուղիմեոս առաքեալների ցանած հավատքի սերմերը ոռոգվեցին Սրբուհիների՝ Հռիփսիմեի, Գայանեի, Մարիանեի և նրանց երեք տասնյակ նահատակ ընկերուհիների սուրբ արյամբ և բուսեցին հավատքի առաջին ծաղիկները, որ աննկուն նվիրումով ու հրաշքներ գործելու չափ հզոր հավատքով կարողացավ աճեցնել Ս. Գրիգոր Լուսավորիչ Հայրապետը:
Սուրբ Առաքյալների ու նահատակ սրբուհիների բարեխոսությամբ և Սուրբ Գրիգոր Լուսավորչի աղոթքներով Հայոց Աշխարհը լուսավորվեց Քրիստոսի կենարար լույսով՝ Քրիստոսը ընդունող առաջին ազգը դառնալով: Եվ որպես նշան հավատքի և առ Աստված հայոց ուխտի՝ Հայոց Հայրապետի տեսիլքով եւ Աստվածային ցուցմամբ վեր խոյացավ Քրիստոսի հավատքի առաջին տունը՝ Սուրբ Էջմիածինը, որ միավորում է աշխարհի հայերին իր թևերի տակ, որ դարեդար հագեցնում է Աստծո Խոսքին ծարավ հոգիները և որ իրավամբ կոչվում է աշխարհի հայերի հոգևոր մայրաքաղաք, Հայոց Երուսաղեմ:
Comments