top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Արդարներն արմավենու պես կծաղկեն



Արմավենիները հայտնի են իրենց գեղեցկությամբ և քաղցրահամ պտղով։ Իսկ երբևէ տեսե՞լ եք, թե ինչպես է արմավենին դիմակայում փոթորիկներին։ Իր երկնասլաց հասակով մեկ այն ճկվում է մինչև գետին, և երբ քամին հանդարտվում է, այն կրկին վերադառնում է իր նախկին սլացիկ դիրքին։ Հետաքրքրականն այն է, որ այդ պրկման ժամանակ արմավենին ոչ միայն չի կոտրվում, այլև դառնում է ավելի ամրակազմ և դիմացկուն։


Այդ պատճառով էլ Աստվածաշունչ Սուրբ Գիրքը արդարներին, ովքեր ապավինել են Աստծուն և ապրում են Նրա կամքի համաձայն, համեմատում է արմավենու հետ՝ ասելով. «Արդարներն արմավենու պես կծաղկեն… տնկված կլինեն Տիրոջ տան մեջ, մեր Աստծու գավիթներում կծաղկեն»։ (Սաղմոս 91:13-14)


Փոթորիկներն ու փորձություններն անխուսափելի են կյանքում։ Դժվարություններն ու նեղությունները հանկարծակի մուտք են գործում մեր կյանք՝ գողանալու մեր ուրախությունն ու խաղաղությունը։ Սակայն Աստված ասում է. «Եթե ինձ ապավինեք և վստահեք, ապա պիտի ծաղկեք արմավենու նման։ Եվ եթե անգամ հուժկու քամիները փչեն, կյանքի դժվարությունները իրենց ողջ ծանրությամբ կքեն ձեզ մինչև գետին, երբեք չեք կոտրվի, այլ կրկին ոտքի պիտի կանգնեք՝ էլ ավելի զորացած և իմաստնացած»։


Մեր ժողովրդի համար այս չափազանց ծանր օրերին մտաբերենք մեր ժողովրդի դարավոր պատմությունը և այդ երկար ու ձիգ դարերի ընթացքում նեղություններից հառնելու նրա կամքն ու վճռականությունը։ Ավերները, կոտորածները և անգամ ցեղասպանությունը չեն կարողացել կոտրել մեր ժողովրդի ոգին։ Ամենազոր և ամենախնամ Աստծուն ապավինած՝ շարունակել ենք ապրել ու արարել, աղոթել ու գործել։


Արդարև, եթե ապավինենք Աստծուն՝ «տնկված լինենք Տիրոջ տան մեջ», և ապրենք Նրա սուրբ կամքի համաձայն միաշունչ և միախորհուրդ, ապա պիտի ծաղկենք որպես դալար արմավենիներ Աստծո սրբազան գավիթներում։ Ես հավատում եմ, որ մեր ժողովրդի լուսավոր օրերը դեռ առջևում են։ Առաջ Աստված։

13 views0 comments

Recent Posts

See All

Kommentare


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page