Սիրելիներ, հունվարի 6-ից 13-ը Հայոց Եկեղեցում Սուրբ Ծննդյան ութօրեքն է։ Այս ութ օրերի ընթացքում ամեն օր ձեզ կներկայացնեմ մի հատված Սբ. Մովսես Խորենացու գրչին պատկանող Սուրբ Ծննդյան շարականներից, որոնք սքանչելիորեն ներկայացնում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի մարդեղության մեծագույն խորհուրդը։
Այսօր առաջին օրն է, իսկ շարականը հետևյալն է. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Օրհ. Սուրբ Ծննդեան ԴԿ)։
Սրբազան շարականագիրը աշխարհի փրկության համար մարդեղացած Աստվածորդու Սուրբ Ծնունդը նմանեցնում է արեգակի ծագման հետ՝ ասելով. «Ծագեցիր Հորից՝ լուսավորելու արարածներին, Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ» (Օրհ. Սուրբ Ծննդեան ԴԿ)։ Նա հղում է կատարում Մաղաքիայի մարգարեությունը, ով Քրիստոսից շուրջ 450 տարիներ առաջ գրում է. «Բայց ձեզ՝ իմ անունից երկյուղածներիդ համար կծագի արդարության Արեգակը, և բժշկություն՝ նրա թևերին» (Մաղաքիա 3:20):
Մեր Տեր Հիսուս Քրիստոս, արդարև, այն կատարյալ լույսն է, որ ճառագում է մեղքի և մահվան թանձր խավարի մեջ։ Մեր մեղավոր աշխարհում թվում է խավարն ամենուրեք է, սակայն որտեղ Հիսուս Քրիստոսի ներկայության լույսն է փայլատակում, այնտեղ խավարը փարատվում է կատարելապես։
Այսօր ծագեց Արդարության Արեգակը։ Այն լուսավորում է մարդկային կյանքը և ջերմացնում բարեպաշտ հոգիները։ Հիսուս Քրիստոս մարդացավ, եկավ աշխարհ՝ լույս և ճշմարտություն սփռելու խավարի մեջ գտնվող մարդկությանը, արդարություն բերելու աղքատներին և կեղեքվածներին, բժշկություն պարգևելու հիվանդներին և սրտով բեկվածներին, ազատություն շնորհելու գերյալներին։
Սուրբ Ծննդյան օրից ի վեր Արդարության Արեգակը ճառագում է համայն աշխարհի վրա նույն կենարար լուսավորությամբ և երբեք չի փոփոխվում, բնավ չի այլայլվում, որովհետև «Հիսուս Քրիստոսը նույնն է երեկ, այսօր և հավիտյան» (Եբր. 13:8)։ Ուրեմն, աղոթակից դառնանք շարականագիր հեղինակին և գոհունակ սրտով փառաբանենք Աստծո Միածին Որդուն՝ ասելով. «Արդարության Արեգակ, Տե՛ր, փա՛ռք Քեզ»։
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։
Commenti