top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Արմատավորված սիրո մեջ



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 18-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը եփեսացիներին ուղղված Ս. Պողոս առաքյալի թղթից է (3.14-4.13):


«14 Դրա համար ծնկի եմ գալիս մեր Տեր Հիսուս Քրիստոսի Հոր առաջ, 15 որից անվանվում է ամեն ազգատոհմ երկնքում և երկրի վրա, 16 որպեսզի ձեզ, ըստ իր փառքի մեծության, զորություն տա իր Հոգու միջոցով ներքնապես ամրանալու, 17 և ձեր հավատի միջոցով Քրիստոսը բնակվի ձեր սրտերում, և դուք սիրո մեջ արմատացած ու հաստատված լինեք, 18 որպեսզի բոլոր սրբերի հետ կարողանաք հասկանալ, թե ի՛նչ է լայնությունը, երկարությունը, բարձրությունն ու խորությունը, 19 ճանաչել Քրիստոսի սերը, որ գերազանցում է ամեն իմացություն, որպեսզի լցվեք Աստծու ամբողջական լիությամբ։ 20 Ուրեմն փառք նրան, ով մեր մեջ իր ներգործող զորությամբ, կարող է առատությամբ ավելին անել, քան այն ամենը, ինչ մենք խնդրում ենք և մտածում։ 21 Փա՜ռք նրան Եկեղեցու մեջ Քրիստոս Հիսուսով, սերնդեսերունդ, հավիտյանս հավիտենից. Ամեն» (3.14-21)։


Այս հատվածի մեջ Ս. Պողոս Առաքյալն աղոթում է առ Հայր Աստված բոլոր քրիստոնյաների համար, որպեսզի Սուրբ Հոգով ներքնապես ամրանանք, Տեր Հիսուս Քրիստոս բնակվի մեր սրտերում և հաստաբուն ծառի նման արմատացած ու հաստատված լինենք սիրո մեջ։


Ծառերն ապրում են իրենց արմատների շնորհիվ։ Ամեն աշնան տերևները թոշնում են և թափվում, սակայն ծառերի արմատները շարունակում են զորավոր մնալ, որպեսզի գարնանը կրկին ծաղկեն և պտղաբերեն։


Աստծո սերն էլ այն պարարտ հողն է, որի մեջ աճում են մեր հոգիները։ Աստծո անսահման սիրո մեջ արմատացած հոգիները ստանում են ամեն անհրաժեշտ սնունդ իրենց հոգևոր աճի համար և զորություն՝ քամիներն ու փոթորիկները հաղթահարելու համար։


Իսկ Աստծո սիրո մեջ արմատանալու համար պետք է բնակվենք Նրա ներկայության մեջ աղոթքով և խոկումով։ Պետք է տևական հաղորդության մեջ լինենք Նրա հետ, ով սիրեց մեզ այնքան, «որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի, ով նրան հավատում է, չկորչի, այլ ընդունի հավիտենական կյանքը» (Հովհաննես 3.16)։


Ահա՛ այն պարատ հողը, որի մեջ կարող են ապահով արմատներ նետել մեր հոգիները, հույսերն ու սպասումները։ Եվ այդժամ ոչ մի քամի, մրրիկ կամ փոթորիկ չեն կարող սասանել ու տապալել մեզ։ Հավատա՛նք Աստծո սիրուն, լցվենք Նրա ամբողջական լիությամբ և ուրիշներին էլ հաղորդակից դարձնենք այդ սիրուն։ Այդժամ խոր արմատներ նետած հաստաբուն ծառի նման պիտի հաղթահարենք ցանկացած փոթորիկ, դժվարություն ու նեղություն և պիտի աճենք, ծաղկենք ու պտղաբերենք։

31 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page