Ամբողջ աշխարհում միլիոնավոր դոլարներ են ծախսվում արվեստի արժեքավոր և երբեմն էլ անարժեք գործերի վրա։ Միշտ զարմացել եմ, թե մարդիկ ինչ մեծ գումարներ են վճարում մեկ կտավի համար։ Իսկ ի՞նչն է կտավը դարձնում թանկարժեք և արվեստի գլուխգործոց։ Ոչ թե ինչը, այլ՝ ով. վարպետ արվեստագետն է այն դարձնում գլուխգործոց։ Ռեմբրանտի, Վան Գոգի, Պիկասոյի և այլ մեծանուն նկարիչների վրձնին պատկանող կտավներն իրավամբ համարվում են գլուխգործոցներ և աճուրդներում վաճառվում են աստղաբաշխական գներով։
Սուրբ Գրիգոր Նյուսացու պատկերավոր նկարագրությամբ, Մեր տեր Հիսուս Քրիստոս ևս հմուտ արվեստագետ է, որ նրբորեն և հմտությամբ մեր մեջ վերականգնում Աստծո պատկերը իր ողջ գեղեցկությամբ։ Նրա կատարյալ «հպումը» նկարում է, քանդակում մեր կյանքը օրըստօրէ՝ ստեղծելու այն գլուխգործոցը, որին կոչված են։ Նրա վրձնի ամեն մի զարկ գույն է հաղորդում, հատիչի ամեն մի հարված ձև է տալիս մեր անհատական հոգևոր ինքնությանը Աստծո մեջ։ Կարող ենք վստահել նրա արհեստավարժությանը, որովհետև Նա հմուտ Վարպետ է, ով սիրում է Իր գործը անձնազոհ սիրով։
«Մենք Աստծու նոր ստեղծագործությունն ենք, քանի որ միացած ենք Հիսուս Քրիստոսին։ Ստեղծված ենք կատարելու համար այն բարի գործերը, որոնց համար Աստված սկզբից պատրաստեց մեզ, որպեսզի դրանցով լցնենք մեր կյանքը»։ (Եփեսացիներին 2:10)
Comments