Այսօր Բուն Բարեկենդանն է։ Բարեկենդան բառացի նշանակում է կենդանություն, բարի կյանք: Մեծ պահքի բարեկենդանը կոչվում է Բուն Բարեկենդան, քանի որ նախորդում է պահեցողության ամենաերկար շրջանին` Մեծ Պահքին:
Բարեկենդանը մարդու երջանկության հիշատակն է, որը դրախտում վայելում էին Ադամն ու Եվան: Այն նաև դրախտային կյանքի օրինակն է, որտեղ մարդուն արտոնված էր ճաշակել բոլոր պտուղները, բացառությամբ բարու և չարի գիտության ծառի պտղից, որն առաջին առաջին պատվիրանն էր պահեցողության:
Բուն Բարեկենդանի հաջորդ օրը՝ վաղը, սկսվում է Մեծ Պահքը։ Այն տևում է 40 օր՝ մինչև Ղազարու հարության շաբաթը, որով էլ սկսվում է Ավագ Շաբաթը:
Մեծ Պահքը քառասնօրյա հոգևոր պատրաստության շրջան է, որը խորհրդանշում է անապատում մեր Տեր Հիսուս Քրիստոսի քառասնօրյա առանձնացումը: Ավետարանիչը պատմում է, թե ինչպես Իր մկրտությունից հետո Հիսուս «հոգով անապատ առաջնորդվեց ու քառասուն օր փորձվեց սատանայից: Չկերավ ու չխմեց այն օրերին» (Ղուկաս 4:1-3):
Ոմանք այսօր էլ քառասուն օր ծոմ են պահում՝ այսինքն միայն ջուր են խմում։ Սակայն ընդհանուր առմամբ հավատացյալները պահքի շրջանում օգտագործում են բացառապես բուսական ծագում ունեցող սննդամթերք՝ հրաժարվելով ամեն կենդանականից: Պահքի ընթացքում, սակայն, պետք է հրաժարվենք ոչ միայն որոշակի կերակուրներից, այլ նաև մոլի սովորություններից, շատախոսությունից, ստախոսությունից, հայհոյանքից և այլ մեղքերից:
Ինչպես հիվանդությունն է ազդում մարմնի վրա, այնպես էլ մեղքն է ազդում հոգու վրա: Անշուշտ պահեցողությունը չէ, որ բժշկում է։ Աստված է մեր հոգիների Բժիշկը: Սակայն պահեցողությունը, աղոթքը և ողորմածությունը պատրաստում են մեր հոգին ընդունելու Աստծո բուժիչ և քավիչ զորությունը:
Ապաշխարության այս շրջանը դեպի Ս. Զատիկ հոգևոր ճամփորդություն է։ Մեր նպատակակետը հարուցյալ Հիսուս Քիստոսին հանդիպելն է, ով մեզ միավորում է Հայր Աստծո հետ։ Մեր երկնավոր Հայրը միշտ սպասում է մեզ գրկաբաց։ Ուրեմն, հարց տանք ինքներս մեզ. «Ուզո՞ւմ ենք արդյոք վերադառնալ Նրա մոտ»։ Եթե այո, ապա Մեծ Պահքը ցույց է տալիս վերադարձի ճանապարհը, որն իրագործվում է անկեղծ զղջումով ու ապաշխարությամբ և աղոթքով, պահեցողությամբ ու ողորմությամբ։
Սիրելիներ, մաղթում եմ բարեհաջող ընթացք Մեծ Պահքի հոգևոր այս ճանապարհին։ Թող որ բոլորիս համար այն լինի հոգևոր նորոգության շրջան, որպեսզի մեղքերից մաքրված և աստվածային լույսով պայծառացած, դիմավորենք Ս. Զատկի այգաբացը և հանդիպենք մեր Տիրոջը՝ հարուցյալ Հիսուս Քրիստոսին, որին փառք հավիտյանս. ԱՄԵՆ։
Comments