top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Գալիք Փառքը



Հաճախ այնքան ենք տարվում Քրիստոսի փառքին մասնակից դառնալու մտքով, որ մոռանում ենք Նրա չարչարանքների մասին։ Աստվածաշունչ Սուրբ Գիրքն ուսուցանում է, որ եթե ուզում ենք արժանանալ այդ փառքին, ապա մենք էլ ժամանակ առ ժամանակ չարչարանքների միջով պիտի անցնենք։


Սուրբ Պողոս Առաքյալն ասում է. «Եթե կցորդ ենք Քրիստոսի չարչարանքներին, հաղորդակից կլինենք նաև նրա փառքին։ Ինձ այնպես է թվում, թե ներկա ժամանակի չարչարանքներն անհամեմատելի են գալիք փառքի հետ, որ մեզ է հայտնվելու» (Հռոմեացիներին 8.17-18)։


Մեզ հաճախ թվում է, երջանկությունը պայմանավորված է կյանքի հանգամանքներով և իրավիճակներով և եթե վերջիններս նպաստավոր լինեն, ապա երջանիկ կյանք կունենանք։ Սակայն Աստված ցանկանում է, որ մեր հավատքի կյանքի մեջ այնքան հասուն և հաստատուն լինենք, որ կարողանանք ճիշտ ու երջանիկ ապրել, եթե անգամ հանգամանքներն ու իրավիճակները նպաստավոր չեն։


Մարդիկ գրեթե միշտ ցանկանում են օգտագործել իրենց հավատքը՝ ամենատարբեր խնդիրներից ձերբազատվելու համար։ Իսկ հոգևոր կյանքի մեջ առաջադիմած մարդիկ գիտակցում են, որ հավատը ոչ թե ձերբազատում, այլ՝ զորացնում և առաջնորդում է կյանքի դժվարությունների միջով։


Մեր չարչարանքների և տառապանքի պատճառներն ու նպատակները կարող են տարաբեր լինել՝ հաճախ անհնազանդության պատճառով, երբեմն մեր հավատքը զորացնելու նպատակով և կամ ուրիշներին օրինակ ծառայելու ու քաջալերելու համար։ Իսկ ընդհանրապես փորձության ենք ենթարկվում և տառապում, որովհետև ապրում ենք մեղքի մեջ ընկած և մեղսալից աշխարհում։


Երբ հավատով զորացած հասկանում ենք չարչարանքների և տառապանքների պատճառը և գիտակցում այն գալիք փառքը, որ մեզ հայտնվելու է, այդժամ մեր կյանքը աստվածային ուրախությամբ է լցվում՝ անգամ մեր Տեր Հիսուս Քրիստոսի չարչարանքներին կցորդ եղած պահերին։


Ուրեմն, «ուրախացե՛ք որպես Քրիստոսի չարչարանքներին մասնակիցներ, որպեսզի նրա փառքի հայտնության ժամանակ էլ ցնծությամբ բերկրեք» (Ա Պետրոս 4.13)։

32 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page