Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 24-րդ օրն է և օրվա ընթերցվածը Հովելի Մարգարեության գրքից է (3.1-8):
Այսօրվա ընթերցվածը, որը Հովելի մարգարության եզրափակիչ գլուխներից է, սպասման և հույսի ուղերձ է: Մարգարեն նկարագրում է այն, ինչին բոլորս պիտի ակնդետ սպասենք:
Ասում են, որ մարդ միշտ պետք է ինչ-որ բանի, ինչ որ կարևոր մի իրադարձության սպասի։ Այն ուժ է տալիս հաղթահարելու դժվարությունները, որովհետև սպասման հետ մեկտեղ ծնվում է հույսը: Մեր կյանքում տարբեր բաներ կան, որոնց անհամբեր սպասում ենք, ակնկալում ենք, որ կիրականանան առաջիկա օրերին, ամիսներին կամ տարիներին: Բայց այսօրվա ընթերցվածի մեջ Հովել մարգարեն հորդորում է սպասել կարևորագույն մի իրադարձության՝ ժամանակի և մարդկային պատմության ավարտին, որը այն տեղի պիտի ունենա «Հովասափաթի» կամ «Դատաստանի ձորում»։
Նոր Կտակարանից գիտենք, որ այն մեր Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ Գալստյան օրն է, երբ Նա պիտի վերադառնա աշխարհ՝ դատաստանի և հատուցման համար: Ս. Պողոս Առաքյալն ասում է, որ վերջին օրը «մենք ամենքս էլ Քրիստոսի ատյանի առաջ պիտի կանգնենք, որպեսզի յուրաքանչյուրն իր մարմնով ստանա նախկինում իր կատարած բարի կամ չար գործերի հատուցումը» (Բ Կորնթացիս 5.10):
Արդարև, մարդկային պատմության վերջին օրը պիտի լինի դատաստանի և հատուցման օր: Աշխարհի բոլոր ազգերն ու մարդիկ դատաստանի համար պիտի կանգնեն Աստծո գահի առաջ: «Հովսափաթի ձորն» այն խորհրդանշական վայրն է, որտեղ ոչ ոք չի կարող խուսափել Տիրոջ վերջնական դատաստանից:
Երբեմն մեր առօրյա խնդիրների և հոգսերի համատեքստում այդ օրը հեռու է թվում, և այսու, անտեսում ենք այդ սպասման կարևորությունը: Սակայն յուրաքանչյուր քրիստոնյա պետք է խորհրդածի Վերջին Դատաստանի մասին և ապրի Տեր Հիսուս Քրիստոսի Երկրորդ գալստյան սպասումով, որովհետև հենց այդ սպասման և դրա հետ կապված հույսի միջոցով է Աստված փոխում մեր կյանքը: Այն զղջման և ապաշխարության լավագույն միջոցն է մեղավորների համար, իսկ արդարների համար՝ մխիթարության աղբյուր։
Երբ գիտենք, որ Աստված դատաստան պիտի տեսնի և վրեժխնդիր լինի մեր և Իր հանդեպ կատարված յուրաքանչյուր հանցանքի համար, հուսառատ սրտով խոնարհվում ենք Աստծու հզոր ձեռքի տակ, որպեսզի ժամանակի լրումին Նա մեզ բարձրացնի։ Մեր բոլոր հոգսերը Նրան ենք հանձնում, որովհետև գիտենք, որ Նա է մեր մասին հոգ տանողը և մեզ արդարացնողը (հմմտ. Ա Պետրոս 5.7)։
Comentarios