Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 31-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Հովելի մարգարեության գրքից է (3.9-22):
«Թող բոլոր ազգերը զարթնեն ու գնան Հովսափաթի ձորը, քանի որ այնտեղ պիտի նստեմ՝ շուրջանակի դատելու բոլոր ազգերին։ Գործի՛ դրեք մանգաղը, որովհետև հասել է հունձը, մտե՛ք, կոխոտե՛ք, որովհետև լցվել են հնձանները, և հորերը՝ լեփ-լեցուն, քանի որ շատացան նրանց չարիքները։ Ձայներ հնչեցին դատաստանի ձորում, որովհետև Տիրոջ օրը մոտ է դատաստանի ձորին» (Հովել 3.12-14)։
Այսօրվա ընթերցվածի մեջ Հովել մարգարեն ներկայացնում է Ամենազոր Աստծո ահեղ դատաստանի օրը, երբ բոլոր ազգերը պիտի հավաքվեն դատաստանի ձորում և Աստված պիտի նստի գահին՝ շուրջանակի դատելու բոլոր ազգերին:
Մեզանից շատերն են ապրում այնպես, կարծես չեն մահանալու, բայց մահանում են և կարծես չեն էլ ապրել։ Կյանքի խելահեղ վազքի մեջ մոռանում ենք, որ մի օր հաշիվ պիտի տանք մեր ապրած կյանքի համար, մի օր պիտի կանգնենք մեր Արարիչ Տիրոջ առաջ: Հարուստ, թե աղքատ, պաշտոնյա, թե աշխատավոր, հոգևորական, թե մտավորական, բոլորս պետք է դեմ առ դեմ կանգնենք Տիրոջ Ահեղ ատյանի առաջ:
Արդյոք պատրա՞ստ ենք հանդիպել անկաշառ Դատավորին և պատասխան տալ մեր խոսքերի ու գործերի համար: Հայտնի՝ «Կղզի» ֆիլմի մեջ Հայր Անտոնն ասում է. «Ես չեմ վախենում մահանալուց, այլ սարսափում եմ Աստծո առաջ կանգնելուց»։
Արդարև, ոչ ոք չի կարող արդարանալ Աստծո առաջ և ոչ ոք չի կարող խուսափել Նրա դատաստանից։ Սակայն Աստվածաշունչն ասում է, որ միայն կատարյալ սերը կարող է մեզ համարձակություն և վստահություն է ներշնչել դատաստանի օրը. «Եթե Աստծու հանդեպ սերը կատարյալ է մեր մեջ, ուրեմն համարձակություն կունենանք դատաստանի օրը. որովհետև, ինչպես նա է, այնպես էլ մենք ենք այս աշխարհում» (Ա. Հովհաննես 4.17):
Սիրելիներ, դատաստանի օրը բոլորս էլ հաշիվ պիտի տանք Աստծո առաջ մեր ապրած կյանքի ու գործերի համար։ Ուրեմն, այս կյանքի ընթացքում լավագույնս պատրաստվենք այդ օրվան։ Խնդրենք Աստծուն, որ մեզ պարգևի կատարյալ սերը, որպեսզի ապրենք այս աշխարհում քրիստոսանման կյանքով՝ Աստծո և մեր նմանի հանդեպ ամբողջանվեր սիրով։
Հուսկ, սրտաբուխ աղոթքով հայցենք Ամենողորմ Աստծուն, որ դատաստանի օրը մեզ արդարությամբ չդատի, այլ Իր գթությամբ մեզ քավություն շնորհի:
留言