top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ելն ի վիրապէն

Updated: Jul 28, 2020



Այսօր Հայոց Եկեղեցին տոնում է մեր հավատքի հոր՝ Սուրբ Գրիգոր Լուսավորչի՝ Խոր Վիրապից դուրս գալու հիշատակության օրը, որը սկիզբ դարձավ հայոց մեծ դարձի:

Սուրբ առաքյալներ Թադեոսից և Բարդուղիմեոսից հետո ս. Գրիգորը եղավ հայոց երկրորդ լուսավորիչը: Նրա շնորհիվ քրիստոնեությունը վերջնականապես հաղթանակեց Հայաստանում:

Ս. Գրիգորը պարթևական տոհմից էր: Երբ նրա հայրը՝ Անակ Պարթևը, սպանեց հայոց Խոսրով արքային, իշխանների վրեժխնդրությունից փրկելու նպատակով դայակները երեխային փախցրեցին Կեսարիա, որտեղ նա մեծացավ մի բարեպաշտ ընտանիքում՝ մկրտվելով և դաստիարակվելով քրիստոնեական ոգով: Չափահաս դառնալով՝ Գրիգորն իմացավ իր հոր արարքի մասին, ծառայության մտավ Խոսրով արքայի որդու՝ Տրդատի մոտ՝ թաքցնելով իր անձը:

Մի օր հեթանոս արքան լսեց, որ Գրիգորը քրիստոնյա է և կամեցավ բռնությամբ հավատափոխ անել նրան: Սակայն Աստծո հավատարիմ ծառան, անասելի տանջանքների ենթարկվելով հանդերձ, չուրացավ իր հավատը: Այդժամ նախարարները տեղեկացրին, որ նա արքայի հորը սպանողի որդին է: Եվ Տրդատը, վրեժխնդրությունից դրդված, հրամայեց Գրիգորին նետել Խոր վիրապ կոչվող սարսափելի փոսի մեջ, որը լիքն էր թունավոր օձերով, և որտեղից դեռևս ոչ ոք չէր ազատվել:

Ս. Հռիփսիմյանց կույսերի նահատակությունից հետո, երբ Տրդատը պատժվեց ու այլևս չէր կարող կառավարել երկիրը, նրա քրոջը տեսիլքի միջոցով հայտնվեց, որ թագավորին և գահը կարող է փրկել միայն Գրիգորը: Այդժամ նրան, հանելով փոսից, որտեղ սուրբը հրաշքով անվնաս էր մնացել 13 տարի, բերեցին Վաղարշապատ: 65 օր շարունակ նա բոլորին քարոզեց Քրիստոսի հավատը, նաև Աստծուց իրեն շնորհված զորությամբ բժշկեց Տրդատին: Ապա տեսիլքով ս. Գրիգորին ցույց տրվեց կույսերի վկայարանների և կառուցվելիք տաճարի տեղը: Այդ շինարարությանը՝ իբրև աստվածահաճո գործի, մասնակցեց ինքը արքան՝ ջանալով այդ կերպ քավել իր մեղքերը:

Այնուհետև ս. Գրիգորը մեծ շքախմբով մեկնեց Կեսարիա, որտեղ ձեռնադրվեց հայոց հայրապետ: Հայաստան վերադառնալով՝ նա Եփրատի վտակ Արածանի գետում մկրտեց հայոց արքային և ողջ ժողովրդին՝ այսպիսով հաստատելով հայոց դարձը հեթանոսությունից: Սուրբ Գրիգորին մեծապես աջակցում էր հայոց նորադարձ արքան: Նրա ջանքերով քրիստոնեությունը սկսեց տարածվել Հայաստանում և 301-ին հռչակվեց իբրև պետական կրոն:

Կյանքի վերջին շրջանում ս. Գրիգոր Լուսավորիչն առանձնացավ Բարձր Հայքի Դարանաղյաց գավառի Սեպուհ լեռան վրա գտնվող Մանյա այրք կոչված վայրում՝ աղոթքի և խոկման մեջ։

ԱՂՈԹՔ. ԺԱՄԱՄՈՒՏ


«Ցնծում է այսօր, ցնծում և բերկրում Սուրբ Եկեղեցին՝ մեծ հանդիսավորությամբ տոնելով հանրատենչ քո հիշատակը, սուրբ հայրերի մեջ գերազանցդ, Թորգոմի Տան հայրապետ և լուսավորիչ, Սուրբ Գրիգոր։

Քո անասելի չարչարանքներով համայն աշխարհին հիացմունք պատճառեցիր և անզուգական ճգնությամբդ հրեշտակներին զարմացրեցիր, որոնք գունդ-գունդ երկնքից դեպի երկիր խոնարհվելով՝ շտապում էին նահատակությունդ տեսնելու։

Քո աննման համբերատարությամբ հաղթեցիր հպարտ արքային իր զորքով հանդերձ և աստվածահաճո քո աղոթքով նրանց կուրացած մտքերը լուսավորեցիր՝ Քրիստոսի Ավետարանի պաշտոնյաներ դարձնելով։ Նրանց հետ նաև Հայոց ազգը նոր հոգևոր ծնունդով աստվածգիտության լույսին դարձրեցիր, որի համար բոլոր սրբերի մեջ առանձնակի լույսով փայլեցիր և առաքելական պատվին ու աթոռին արժանացար՝ Քրիստոս Աստծու կողմից նրանց հետ դասվելով։

Արդ, ո՜վ հայր մեր և լուսավորիչ մեր հոգիների, աղաչում ենք քեզ քո Եկեղեցու ողջ դասերով միաբանված, որպեսզի քո սքանչելի տոնի օրը, հատկապես, բարեխոսես Քրիստոս մեր Աստծուն, որ քո Եկեղեցին և ժողովուրդը պահի խաղաղության մեջ՝ փրկելով հոգևոր և մարմնավոր թշնամիներից, որպեսզի մենք էլ քո հիշատակը տոնելով՝ փառավորենք Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն հավիտյանս. ԱՄԵՆ։


Գրաբարից աշխարհաբարի վերածեց Մեսրոպ վարդապետ Պարսամյանը

156 views0 comments

Recent Posts

See All

Comentarios


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page