Մեր Տեր Հիսուս Քրիստոսի խոստումը սքանչելի է իր պարզության մեջ։ Նա չի առաջարկում դեպի խաղաղաբեր լուսավորություն տանող քառաստիճան ճանապարհը, ինչպես Բուդդան էր առաջարկում, չի սովորեցնում խաղաղության հինգ սյուները հնազանդության միջոցով, ինչպես իսլամի մեջ են ուսուցանում և ոչ էլ տալիս է «10 միջոց ազատվելու սթրեսից», որը այսօրվա մեր պրագմատիկ և եսակենտրոն հասարակության մոլություններից է։
Մեր Տիրոջ եզակի և բացառիկ խոստումը տևական հաղորդությունն է իր հետ։ Նա՝ մեր Արարիչը (Եբր. 1:1-3) և Փրկիչը (Ղկ. 2:11), ինքն իրեն է տալիս որպես համընդհանուր լուծում բոլոր մեր հոգսերի ու մտահոգությունների. «Եկե՛ք ինձ մոտ Դուք բոլո՛րդ, հոգնածներ ու բեռնավորվածներ, և ես պիտի հանգիստ տամ ձեզ»։ (Մտ. 11:28)
Իսկ Հիսուսի մոտ գնալ նշանակում է. «հավատալ, որ Հայրն է ուղարկել Նրան» (Յովհ. 5:36) և «հավատալ, որ Նա այդ կարող է անել մեզ համար»։ (Մտ. 9:28)
Հավատո՞ւմ ես Նրան։ Ուրեմն, մի ծանրաբեռնիր հոգիդ և միտքդ, թե ե՛րբ և ինչպե՛ս Նա պիտի հանգիստ տա, այլ միայն հավատա և վստահիր. «ամբողջ սրտով հույսդ դի՛ր Աստծու վրա և մի՛ հպարտացիր քո իմաստությամբ» (Առ 3:5), և «քո բոլոր հոգսերը Նրա վրա գցի՛ր, որովհետև Նա է, որ հոգում է քո մասին»։ (Ա.Պտ 5:7)
Comentários