top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ընծայում Սբ. Աստվածածնի



Այսօր, նոյեմբերի 21-ին, Հայոց Եկեղեցին նշում է երեքամյա սուրբ Աստվածածնի տաճարին ընծայման տոնը։


Ըստ ավանդության, երեք տարին լրանալուց հետո, Սուրբ Աստվածածնի բարեպաշտ ծնողներ Հովակիմն ու Աննան, իրենց ուխտի համաձայն, տարան իրենց զավակին Երուսաղեմի տաճար՝ Տիրոջն ընծայելու: Երբ երեքամյա Մարիամին դրեցին տաճարի սանդուղքի առաջին աստիճանի վրա, ի զարմանս ներկաների, առանց որևէ մեկի օգնության նա ինքնուրույն բարձրացավ տասնհինգ աստիճաններով: Մուտքի մոտ Սուրբ Մարիամին ընդառաջ եկավ Զաքարիա քահանայապետը: Նա՝ հիացմունքով և զարմանքով համակված, հատուկ հայտնությամբ ասես կանխազգալով մանկան Աստվածամայր դառնալու նախասահմանումը, առաջնորդեց նրան Սրբության Սրբոցը: Դա Երուսաղեմի տաճարի այն վայրն էր, ուր միայն քահանայապետին էր թույլատրվում մտնել և այն էլ տարին մեկ անգամ:


Այս խորհրդավոր իրադարձությունը նախանշում էր, որ ժամանակը իր լրումին էր հասել և Աստված պիտի պատռեր երկինքը, դուրս գար Իր սրբարանից և բնակվեր մարդկանց մեջ։ Աստծո Միածին Որդին պետք է մարդեղանար Մարիամի որովայնում, Աստծո Խոսքը մարմին պիտի առներ ու բնակվեր մեր մեջ։ Նա պիտի գար քարոզելու, բժշկելու, չարչարվելու, մահանալու և հարություն առնելու՝ մեր փրկության համար և մեր նկատմամբ Իր անսահման սիրո պատճառով։


Այսու, աստվածային նախախնամությամբ Սուրբ Մարիամն ընծայվեց տաճարին՝ որպես Աստծո օրհնյալ և ընտրյալ դուստր, ով ինքնին պետք է տաճար դառնար, Սուրբ Խորան՝ Զորությունների Տիրոջ համար և մարդկությանը պարգևեր աշխարհի Փրկչին՝ Հիսուս Քրիստոսին։


«Փառավորյալ և օրհնյալ միշտ սուրբ Կույս Աստվածածին Մարիամ՝ մայր Քրիստոսի, մատուցիր մեր աղաչանքները Քո Որդուն և մեր Աստծուն, որպեսզի Նա փրկի մեզ փորձությունից և բոլոր վտանգներից.ամեն»

63 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page