top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Թագավորի գալուստը



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 38-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Զաքարիայի մարգարեության գրքից է (9.9-16):


«Մեծապես ուրախացի՛ր, դո՛ւստր Սիոնի, ազդարարի՛ր, դո՛ւստր Երուսաղեմի, ահա քո Թագավորը գալիս է քեզ մոտ, արդարը և փրկիչը. նա հեզ է՝ հեծած էշի վրա և նրա ավանակի վրա։ Եվ կոչնչացնի կառքերը Եփրեմից և երիվարները՝ Երուսաղեմից. կփշրվի պատերազմող աղեղը, և ազգերի միջից՝ բազմությունն ու խաղաղությունը. կտիրի ջրերին՝ ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը» (Զաքարիա 9.9-10)։


Զաքարիայի մարագերության այս երկու համարների մեջ ամփոփ նկարագրված է մեր Տեր Հիսուս Քրիստոսի առաջին և երկրորդ գալուստները:

Առաջին գալուստը հեզությամբ և խոնարհությամբ էր, երբ Հիսուս Քրիստոս իր զոհաբերությամբ փրկություն պարգևեց մարդկությանը և վերականգնեց աստվածային արդարությունը: Նրա երկրորդ գալուստը պիտի լինի զորությամբ և փառքով: Հիսուսը պիտի փշրի բոլոր պատերազմի զենքերը ազգերի միջից և Իր խաղաղությունը հաստատի ամբողջ տիեզերքում. «ծովից մինչև ծով և գետերից մինչև երկրի ծագերը»։


Ավետարանում Տեր Հիսուս Քրիստոս նկարագրում է իր երկրորդ գալուստը՝ զորությամբ և փառքով (Մատթեոս 24.30; 26.64), իսկ Հայտնության գրքում արդեն (19.11-16) տեսնում ենք, թե ինչպես է Տեր Հիսուս վերադառնում և այս անգամ ոչ թե ավանակի, այլ պատերազմող սպիտակ ձիու վրա նստած՝ կործանելու Իր բոլոր թշնամիներին։ Այդ ժամանակ համայն մարդկությունը պիտի կանգնի Նրա առաջ, քանզի Նա է «Թագավորների Թագավորը և Տերերի Տերը» (Հայտնություն 19.16):


Ինչպես որ Հիսուս Քրիստոսի առաջին գալուստն էր ուրախության և ցնծության առիթ բոլոր նրանց համար, ովքեր հավատում և վստահում էին Աստծուն, այնպես էլ՝ Նրա Երկրորդ գալուստն է քրիստոնյաներիս համար, որովհետև վերջապես պիտի հանդիպենք մեր Փրկչին և Աստծուն։ Իսկ Նրանք, ովքեր այս կյանքում մերժում կամ ուրանում Հիսուս Քրիստոսին, պիտի հանդիպեն նրան որպես Դատավորի, ով «տրորում է Ամենակալ Աստծու ահեղ բարկության գինու հնձանը» (Հայտնություն 19.15):


Վստահենք Աստծո Խոսքին և ապրենք Նրա պատվիրանների համաձայն ու Նրա ներկայության մեջ արդեն այս կյանքում։ Հավատով և հոգևոր ուրախությամբ սպասենք մեր Փրկիչ Հիսուս Քրիստոսի երկրորդ գալստյանը, և «երբ այս բաներն սկսեն լինել, վե՛ր նայեք ու ձեր գլուխները բարձրացրե՛ք, որովհետև ձեր փրկությունը մոտ է» (Ղուկաս 21.28):

38 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page