Մի ծեր մարդ նստած էր այգու նստարանին: Միջին տարիքի մի տղամարդ մոտեցավ նրան և ողջունեց.
- Բարև Ձեզ, պրոֆեսո՛ր: Ինձ հիշեցի՞ք, ես Ձեր երբեմնի ուսանողն եմ եղել: Ի դեպ, Ձեր ազդեցությամբ ես նույնպես դասախոս դարձա, աշխատում եմ համալսարանում:
Ծեր մարդն ասաց, որ չի հիշում. այնքա՜ն սաներ է ունեցել, հիմա էլ հիշողությունն այնպե՜ս դավաճանում է:
- Ուզու՞մ եք՝ մի պատմություն պատմեմ, և Դուք անմիջապես կհիշեք ինձ,- ասաց տղամարդը:
- Իհարկե՛, պատմեցե՛ք,- ծեր դասախոսն աշխուժացավ:
- Այդ դեպքը տեղի է ունեցել շատ տարիներ առաջ, երբ ես առաջին կուրսի ուսանող էի: Մեր կուրսից մի տղա այդ օրը համալսարան էր եկել ձեռքի թանկարժեք ժամացույցով: Շատ գեղեցիկ ժամացույց էր՝ երազանքի ժամացույց: Ես աղքատ ընտանիքի զավակ էի, երբեք չէի կարող ունենալ նման ժամացույց, և ես գողացա այն: Դա կատարվեց Ձեր դասաժամին: Մոտ կես ժամ ընկերս չէր նկատել կորուստը, ես ժամացույցը թաքցրել էի իմ գրպանում: Հանկարծ նա նկատեց, որ ժամացույցը չկա, սկսեց փնտրել, ապա մոտեցավ ձեզ և հայտնեց, որ ինչ-որ մեկը վերցրել է իր ժամացույցը: Դուք սկզբում պատվիրեցիք վերադարձնել ժամացույցը: Ոչ ոք տեղից չշարժվեց: Այնուհետև բանալիով փակեցիք լսարանի դուռը և սկսեցիք ստուգել մեր գրպանները: Բայց նախապես հրահանգեցիք փակել մեր աչքերը. դուք չէիք ուզում, որ գողացողին հայտնաբերելու դեպքում մյուսները տեսնեին նրա դեմքը: Ես ահավոր հուզված էի: Հասաք ինձ, գրպանիցս հանեցիք ժամացույցը, բայց շարունակեցիք որոնումները: Բոլորի գրպանները ստուգելուց հետո հայտարարեցիք. «Այժմ կարող էք բացել ձեր աչքերը: Ժամացույցը գտնվեց»: Ոչ ոք չիմացավ՝ ով է գողացել ժամացույցը: Ես սպասում էի, որ դուք ինձ հետ կխոսեք դասից հետո: Դուք ինձ ոչինչ չասացիք: Ամեն օր ես գնում էի համալսարան և ամոթից դողում էի Ձեզ տեսնելիս: Տարիներ շարունակ ես սպասել եմ, որ Դուք ինձ կհանդիմանեք: Դուք ոչինչ չասացիք: Ձեր լռությունը ինձ ստիպեց մտածել: Դուք իմ մեջ վերադաստիարակեցիք կործանվող մարդուն, ապագա գողին, հանցագործին, և ես հասկացա, որ նախ պետք է ՄԱՐԴ լինել մարդ դաստիարակել կարողանալու համար: Ես ընտրեցի մանկավարժի մասնագիտությունը, ուզում էի ապրել անպես, ինչպես Դուք կարող էիք ապրել, ուզում էի անպայման անցնել այն ճանապարհը, որով Դուք էիք անցնում: Շնորհակալ եմ, պրոֆեսո՛ր, Ձեր արարքով կյանքս հունի մեջ դնելու համար,- տղամարդը հուզմունքով ավարտեց խոսքը, ապա ժպիտով հարցրեց - հիմա հիշեցի՞ք ինձ:
Ծերունին ողջ ընթացքում ժպտում էր:
- Գիտե՞ս, տղա'ս, ես այդ դեպքը հիշեցի, բայց թե ո՛վ էր գողացել ժամացույցը, ես չեմ կարող ասել: Ես նույնպես փակել էի աչքերս, երբ ստուգում էի ուսանողների գրպանները...
Comments