top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ինչո՞ւ




«Ինչո՞ւ» հարցը մեր մարդկային բնության արտահայտությունն է։ Բոլորս էլ տալիս ենք այն, հատկապես ցավի և տառապանքի մեջ։ Այն թյուրըմբռնումն ունենք, որ եթե հասկանանք մեր ցավի պատճառը, ապա ցավը կթեթևանա, կամ առնվազն տանելի կլինի այն։


Սակայն Աստվածաշունչն ասում է. «Անքննելի են երկնքի բարձրությունները, երկրի խորությունները, Թագավորի սիրտը։ (Առ 25:3) Աստծո մասին ինչ էլ որ գիտենք՝ Նրա հայտնության շնորհիվ է։ Ահա քաղցր ճշմարտությունը. բաներ կա, որ երբեք էլ չենք հասկանա, մինչև Երկինք չհասնենք։


Աստված պարտավոր չէ մեզ բացատրություններ տալ։ Նա պարտավոր չէ մեր թույլտվությունը հարցնել՝ որևէ բան ձեռնարկելուց առաջ։ Նա Աստված է, իսկ մենք մեղավոր մարդիկ ու միշտ չէ, որ պիտի հասկանանք, թե ինչո՛ւ են որոշ բաներ տեղի ունենում այս կյանքում։


«Այժմ տեսնում ենք աղոտ, ինչպես պատկերը հայելու մեջ. իսկ այն ժամանակ պիտի լինի դեմառդեմ։ Այժմ շատից քիչը գիտեմ, իսկ այն ժամանակ կգիտենամ՝ ինչպես որ Նա ճանաչեց ինձ»։ (Ա.Կորնթացիս 13:12)


Մի օր կտեսնենք հստակությամբ, բայց այժմ իրերը մշուշի մեջ են և մեր սահմանափակ և վերջավոր բանականությամբ չենք կարող ամեն բան հասկանալ ու ըմբռնել։


Մի օր ամեն բան հստակ կլինի, կիմաստավորվի, և այդ օրը պիտի ասենք. «Ա՜հ, հիմա եմ հասկանում, թե ինչո՛ւ Աստված թույլ տվեց դա իմ կյանքում»։ Իսկ մինչ այդ օրվան հասնելը՝ Աստված հորդորում է վստահել Իրեն։


Համավարակի այս օրերին էլ շատերը հարցնում են. «ինչո՞ւ» և փորձում են տրամաբանական պատասխաններ գտնել։ Սակայն, հավատացեք, այն մարդիկ ովքեր համավարակի պատճառով այժմ ֆիզիկական և հոգեբանական ցավի մեջ են, աստվածաբանական բացատրությունների և տրակտատի կարիք բնավ էլ չունեն։ Ամեն մի տրամաբանական բացատրություն պիտի լինի անտեղի, անպատեհ և անբավարար։


Նրանք հիմա ամենաշատը կարիքն ունեն Հիսուս Քրիստոսի իրական և մխիթարական ներկայությանը իրենց կյանքերից ներս։ Եվ ուրախալի է տեսնել, որ Առաքելական մեր Սուրբ Եկեղեցին, բազմաթիվ եկեղեցականներ ու աշխարհական հավատացյալներ օգնում են մարդկանց զգալու և ապրելու այդ Ներկայությունը իրենց կյանքում։


Վարձքներդ կատար, սիրելի հոգևոր եղբայրներ ու քույրեր, Աստված թող էլ ավելի զորացնի ձեզ ձեր նվիրական առաքելության մեջ։

9 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page