«Մեր հոգիներն սպասում են Տիրոջը, որովհետև մեր օգնականն է ու մեր պաշտպանը։ Նրանով թող ուրախանան մեր սրտերը, և նրա սուրբ անվանը հուսանք։ Թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ո՜վ Տեր, ինչպես որ քեզ հուսացինք» (Սաղմոս 32.20-21)
Մենք անհամբեր ենք։ Չենք սիրում սպասել։ Սպասման ժամանակ թվում է, թե ոչինչ չի պատահում։ Երբ աղոթում ենք և աղոթքի պատասխանը ուշանում է, մեզ թվում է թե Աստված երբեք էլ չի պատասխանելու մեր աղոթքներին։
Սակայն Աստվածաշունչը խոսում է հույսի «որակի» մասին, ասելով՝ «Թող քո ողորմությունը մեզ վրա լինի, ո՜վ Տեր, ինչպես որ քեզ հուսացինք»։ Այս «որակը» վերաբերում է սպասման ժամանակ մեր պահվածքին։ Արդյոք վատնում ենք այդ ժամանակը անհանգստության և մտատանջության մեջ, թե օգտագործում ենք այն՝ Աստծուն ավելի լավ ճանաչելու և Նրան վստահելու համար։
Երբ ճանաչում ենք Նրան և հաղորդության մեջ ենք Նրա հետ, այնժամ չենք մտահոգվում ուշացման և կամ ժամանակավոր խնդիրների համար։ Գիտենք, որ Նա մեզ հետ է, սիրում է մեզ և պահպանում է մեզ, և համբերությամբ սպասում ենք Նրան։ Համբերատար սպասումը լավագույն ապացույցն է, որ վստահում ենք Նրան՝ որպես մեր օգնականի ու պաշտպանի։
Նրանք, ովքեր հաղորդության մեջ չեն Աստծո հետ, հակված են մտատանջվելու և անհանգստանալու՝ տարված անորոշությամբ և կասկածներով։ «Իսկ նրանք, որոնք Տիրոջն են սպասում, նոր ուժ պիտի ստանան և նոր փետուրներով զարդարվեն արծիվների պես, պիտի վազեն, բայց չպիտի հոգնեն, պիտի գնան, բայց քաղց չպիտի զգան» (Եսայի 40.31)։
Աստված ցանկանում է, որ անձնական հաղորդության մեջ լինենք Իր հետ և կատարյալ վստահություն ունենանք Նրա հանդեպ։ Ոչ թե խուճապի մատնվենք, այլ վստահենք Նրան։ Հիշենք, որ Նա սիրում է մեզ և հոգ է տանում մեր մասին։
Ուրեմն, որքան հնարավոր է շատ ժամանակ անցկանենք Աստծո հետ։ Խոսենք Նրա հետ աղոթքի մեջ, լսենք Նրա ձայնը՝ ընթերցելով Սուրբ Գիրքը։ Վստահենք ու սպասենք Նրան՝ փառաբանական և գոհաբանական աղոթքը մեր շուրթերին և Նա կպատասխանի մեր աղոթքներին, կզորացնի մեզ ու խաղաղություն կպարգևի։
Comments