Հին ժամանակներում, արևի մայր մտնելուց հետո, լույսի միակ աղբյուրը ճրագն էր։ Ճրագը` ձեռքի ափի չափ կավե մի փոքր տարրա էր, որը լցվում էր յուղով և այրվում էր պատրույգի միջոցով։
Սաղմոսերգուն ճրագի հետ է համեմատում Աստծո Խոսքը՝ Աստվածաշունչը ասելով. « Քո խոսքը ճրագ է իմ ոտքերի համար, եւ լույս՝ իմ շավիղներին»։ Սաղմոս 118:105
Ինչպես որ լույսն է անհրաժեշտ գիշերվա մթության մեջ ճանապարհը գտնելու և վտանգներից խուսափելու համար, այնպես էլ Աստվածաշունչ Սուրբ Գրքի լույսն է անհրաժեշտ՝ այս մթին և մեղավոր աշխարհի մեջ փրկության ճանապարհով քայլելու համար։
Աստվածաշունչը պարունակում է այն ամենը, ինչ անհրաժեշտ է մեր հավատքի և փրկության համար, աստվածահաճո կյանք ապրելու համար։ Այն Աստծո կենդանի Խոսքն է, որը ուսուցանում, հանդիմանում և խրատում է մեզ. «Աստծու շնչով գրված ամեն գիրք օգտակար է ուսուցման, հանդիմանության, ուղղելու եւ արդարության մեջ խրատելու համար, որպեսզի կատարյալ լինի Աստծու մարդը եւ պատրաստ՝ բոլոր բարի գործերի համար»։ (Բ.Տիմոթեոսին 3:16-17)
Սիրելիներ, երբեք հոգևոր ճամփորդության մի՛ ելեք, առավել ևս աղջամուղջին, առանց Աստծո Խոսքի կենարար լույսի։ Այն միշտ ձեզ հետ ունեցեք որպես ճրագ, որը կառաջնորդի ձեր քայլերը շիտակ ճանապարհներով, կազատի տեսանելի և անտեսանելի բոլոր վտանգներից և կհասցնի ձեզ խոստացյալ հանգրվանին՝ Երկնքի Արքայությանը։
Kommentare