Այսօր Հայոց Եկեղեցում Աշխարհամատրան կամ Կանաչ կիրակի է:
ԿԱՆԱՉը մարմնավորում է Սուրբ Զատկին հաջորդող այս օրերին տիրապետող համատարած, զմրուխտ կանաչությունը, որով բնությունը զգեստավորվում է գարնան այս օրերին:
Գարունը կյանքի վերակենդանության շրջանն է: Գարունը գեղեցկության և քաղցրության մի ցուցադրություն է, որին անտարբեր չի կարող լինել, որքան մարդու մարմինը և աչքը, նույնքան էլ նրա միտքը և հոգեկան աշխարհը: Որքան հաճելի է զգալը արեգակի ջերմությունը թիկունքին կամ կուրծքին, նույնքան հոգեպարար է ման գալ վերազարթնող բնության մեջ և զգալ հոգեկան բավարարությունը և խաղաղությունը, որ ներթափանցում է մեր մտքի և սրտի աշխարհից ներս, թռչունների զվարթ երգերի և ծաղիկների հիասքանչ ժպիտների հետ:
Հոգեբույժ է բնությունը: Մեր նյարդերը բեռնակիրներն են ժխտական կամ դրական լիցքերի և որոնցով երբեմն այնքան է ծանրաբեռնվում մեր հոգեկան աշխարհը, որ բացարձակ անհրաժեշտություն է դառնում դրանց լիցքաթափումը: Գարունը լիցքաթափում է ջղերի այդ գերակուտակումը: Գարնան՝ բնութեան մեջ մոռնում ենք մեզ տանջող խնդիրները, մտահոգություններն ու մինչև իսկ մեր ֆիզիկական հիվանդությունները, որոնց մեծագույն մասի պատճառը և պատասխանատուն մեր հոգեկան մշտապիրկ լարվածությունն է: Արյունը, այդ բուժիչ և սնուցիչ հեղուկը, գարնան մեջ կարծես տարբեր քաղցրությամբ է շրջանառվում մեր երակների մեջ, ինչպես ավիշը՝ ծառերի, և նեկտարը՝ ծաղիկների մեջ: Բնության մեջ կատարվող կյանքի վերանորոգության շարժումից վարակվում ենք նաև մենք:
Ամենից ավելի գարունն է, որ մեզ առաջնորդում է Արարչին, Բնության Օրենսդրին ու մանավանդ կյանքի գեղեցկության և գերազանցության գաղափարին: Բնությունը ինքն իրեն չի կարող ստեղծել, ճիշտ այնպես, ինչպես մեզնից ամեն մեկը իր կամքով չէ որ աշխարհ է գալիս: Գոյություն ունի նրանց սկզբնապատճառ Ստեղծիչը:
Գարունն է, որ առաջնորդում է մեզ ամենից ավելի կյանքի գիտակցության, գեղեցկության և գերազանցության: Այս օրերին բնության գրեթէ ամեն երևույթ կյանք է բացականչում ու կյանք երգում: Եվ այս օրերին է որ հատկապես նշմարվում է ու շեշտվում կյանքի տարբերությունը բնության մյուս երևույթներից: Գարունն է, որ աղաղակում է կյանքի հավերժության, հարության և մշտական հաղթանակի մասին: Կյանքն ինքին գերագույն հաղթանակն է: Մահը կյանքի երևութական ու ժամանակավոր պարտությունն է: Գարունն է, որ այս ֆիզիքական ու կրոնական ճշմարտությունը հաստատում է:
Կյանքը մշտադալար է: Հին տերևները թափվում են, և նորերը ծաղկում: Կյանքի անհատ երևույթները՝ ծառ, թուփ, տունկ կարող են չորնալ և հող դառնալ, բայց նրանց թողած սերմերն ու արմատները շարունակում են մահացածների գոյությունը, հաճախ ավելի ծաղկուն ու ավելի բազմապատիկ:
Այս է ԿԱՆԱՉ Կիրակիի խորհուրդը. քանզի կյանքն իր նախնական ձևի մեջ կանաչ գույնով է հայտնվում: Կանաչ Կիրակին մեզ հիշեցնում է կյանքի մշտադալարությունը, կյանքի հարությունը և նրա մշտնջենական գոյությունը:
Այս է նաև Սուրբ Հարության՝ մեր հոգևոր կյանքի Գարնան իրականությունը: ՔՐԻՍՏՈՍ ՅԱՐԵԱՒ Ի ՄԵՌԵԼՈՑ։
Աղբյուրը՝ Շնորհք Պատրիարք (Գալուստեան), «Գունագեղ Կիրակիներ և Հոգեգալուստ», Կ.Պոլիս, 2016
Comments