Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 13-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Տիմոթեոսին ուղղված Ս. Պողոս Առաքյալի երկրորդ նամակից է (4.1-8):
«Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը։ Այսուհետև ինձ է սպասում արդարության պսակը, որ Տերը՝ արդար Դատավորը, իբրև հատուցում, դատաստանի օրը կտա ինձ։ Եվ կտա ոչ միայն ինձ, այլ նաև բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են նրա հայտնությանը» (Բ Տիմ. 4.7-8)։
Ս. Պողոս Առաքյալը գրում է այս տողերը իր առաքելության և կյանքի մայրամուտին։ Նա գտնվում էր Հռոմի բանտում և քաջ գիտակցում էր, որ այն իր վերջին բանատարկությունն էր։ Սեփական կյանքի օրինակով նա հորդորում էր Տիմոթեոսին հաստատուն մնալ հավատի մեջ և ջանադրաբար քարոզել Աստծո Խոսքը մարդկանց սրտերին։
Նա գրում է. «Բարի պատերազմ մղեցի, ավարտեցի ընթացքս, պահեցի հավատը»։ Այստեղ «պատերազմ» և «ընթացք» բառերը կիրառված են մրցավազքերի ժամանակ պայքարելու և եզրագծին հասնելու իմաստով։ Առաքյալը հասել է իր առաքելության եզրագծին, պայքարել է Ավետարանը քարոզելու և քրիստոնյաներին քաջալերելու բարի ընթացքը։ Եվ հակառակ բոլոր դժվարություններին ու հալածանքների, որ հառնել են ճանապարհին, նա վառ է պահել հավատը և վստահությունը Աստծո հանդեպ։
Հին հույները Օլիմպիական խաղերի ժամանակ մի յուրօրինակ մրցավազք էին հաստատել, որի հաղթող համարվում էր ոչ թե նա, որ առաջինն էր հատում եզրագիծը, այլ նա, որ ավարտում էր մրցավազքը՝ ձեռքի ջահը վառ պահած։ Ահա՛ այս պատկերն է օգտագործում առաքյալը՝ հորդորելով Տիմոթեոսին և բոլոր քրիստոնյաներին համառությամբ մղելու պայքարը հոգևոր կյանքի մրցավազքում մինչև վերջ։ Իրական հաղթող լինելու համար և հաղթանակի պսակը ստանալու համար պետք է յուրաքանչյուր հավատացյալ ավարտի իր ընթացքը, հասնի կյանքի եզրագծին՝ ճանապարհի ողջ ընթացքին վառ պահելով հավատի ջահը։
Ուրեմն, այս կյանքի բոլոր դժվարությունների ու նեղությունների մեջ, երբ թվում է, թե ուժասպառ ենք և ուր որ է պիտի մարի մեր հավատի ջահը, քաջալերվենք Առաքյալի խոսքերից և կյանքի օրինակից։ Ապավինենք մեր հավատարիմ Աստծուն, ով զորացնում է մեզ և պարգևում արդարության և հաղթանակի անթառամ պսակը բոլոր նրանց, ովքեր սիրով սպասում են Հիսուս Քրիստոսի հայտնությանը։
Մեսրոպ վարդապետ Պարսամյան
Comments