«Բայց գոհություն Աստծուն, որ մեզ միշտ մասնակից է դարձնում հաղթությանը Հիսուս Քրիստոսով և իր գիտության բուրմունքը մեր միջոցով սփռում ամենուրեք։ Քրիստոսի բուրմունքն ենք Աստծու առաջ՝ թե՛ փրկության ճամփին գտնվողների մեջ, թե՛ կորստյան ճամփին գտնվողների մեջ. ոմանց համար՝ մահվան հոտ, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք»։ (Բ Կորնթացիներին 2:14-16)
Հին Հռոմում հաղթանակած հրամանատարին և զինվորներին դիմավորում էին հատուկ ծիսակարգով, որ կոչվում էր «Տրիումֆ»։ Այդ ծիսակարգի ժամանակ առատ խնկարկություն էր կատարվում, որը տարածում էր հաղթանակի բույրը ողջ քաղաքում։
Սուրբ Պողոս Առաքյալն ակնարկում է այդ խնկարկությունն՝ ասելով, որ մեր հաղթանակը Հիսուս Քրիստոսով է և այդ հաղթանակի բուրմունքը մեր կյանքերի միջոցով է տարածվում մեր շրջապատում և ամենուր։ Այն «ոմանց համար՝ մահվան հոտ է, որ տանում է դեպի մահ, և ոմանց համար՝ կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք»։
Հաղթանակն Աստծո խոստումն է, սակայն չպետք է մոռանանք, որ այն նախորդում է պայքարին և երբեմն երկարատև ու ծանր պայքարին։ Զորեղ հավատը այդ երկարատև պայքարի մեջ դիմագրավում է բոլոր փորձություններին, նեղություններին և դժվարություններին՝ հիմնվելով Աստծո խոստումի վրա և Հիսուս Քրիստոսով հաղթանակի բուրմունքը տարածում է ամենուրեք։
Ուրեմն, Տիրոջով զորացած, աներկբա հավատով ու վճռական կամքով միասնաբար դիմագրավենք նաև այս փորձությանը, և արդարության ու խաղաղության համար մղվող այս սրբազան գոյապայքարում պիտի հաղթենք Աստծով՝ սփռելով հաղթանակի բույրը Հայոց երկնակամարում՝ «կենդանության բույր, որ տանում է դեպի կյանք»։
댓글