Այսօր Հոգեգալուստ է։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարությունից հիսուն օր անց կատարվեց աստվածային խոստումը՝ Մխիթարիչ Սուրբ Հոգին հայտնվեց աշակերտներին:
Աստվածաշնչում Սուրբ Հոգու խորհրդանիշերից մեկը քամին է (Ծննդոց 1:2, Գործք 2:2). «Հոգի» բառը եբրայերենում նշանակում է քամի կամ շունչ, այսինքն՝ Սուրբ Հոգին բառացիորեն Աստծո Քամին է կամ Շունչը։ (Հովհաննես 20:22).
Նոր Կտակարանի Գործք Առաքելոց գրքում կարդում ենք, որ Հոգեգալստյան օրը առաքյալները Վերանտանը համախբված էին, ինչպես որ Հիսուս էր պատվիրել նրանց, երբ հանկարծակի երկնքից հնչեց մի ձայն, սաստիկ հողմից եկած ձայնի նման և լցրեց ամբողջ տունը (Գործք 2:2)։ Այն Սուրբ Հոգու ներկայության և զորության ձայնն էր Վերնատան մեջ։
Քամին՝ աշխարհում գոյություն ունեցող ամենազորավոր ուժերից է և դրա համեմատությունը հավատացյալի հոգում ներգործող Սուրբ Հոգու հետ բնավ պատահական չէ։ Տեսնելով քամու ներգործությունը բնության մեջ՝ կարող ենք որոշ գաղափար կազմել, թե ինչպես է նորգործում Աստված իր Սուրբ Հոգով մեր կյանքում և մեր միջոցով։
1. Քամին փոխակերպող ուժ է։ Քամու տևական հոսանքը, թեև անտեսանելի և չափման առումով շատ դժվար, կարող է ժամանակի ընթացքում փոխակերպել անգամ ամենակարծր և ամենախոշոր մակերեսները՝ տեղաշարժել հսկայական ավազաթմբերը և հղկել լեռնագագաթները։ Դուք և ես այդքան կարծր և խոշոր չենք շավալական առումով, սակայն հաճած դժվար է մեզ փոխել և շարժել մեր կարծրատիպերը։ Թեև չենք ցանկանում փոխվել, սակայն շատ հեռու ենք այնտեղից, որտեղ Աստված ուզում է, որ լինենք հոգևոր առումով և Նա տևական հղկում է մեզ Իր Սուրբ Հոգու զորությամբ։ Եթե ցանկանանք, ապա Նա կարող է մեզ փոխակերպել, նորոգել հոգևոր կյանքի համար, որովհետև Սուրբ Հոգին քամու նման և դրանից առավել փոխակերպող ուժ է։
2. Քամին նաև էներգիա առաջացնող ուժ է։ Հազարամյակներ շարունակ մարդիկ գործածել են հողմաղացներ հացահատիկ աղալու և դաշտերը ոռոգելու համար։ Մեր ժամանակներում էլ հողմաէլեկտրակայաններ են կառուցվում՝ էներգիա արտադրելու նպատակով։
Նույն կերպ, «Աստծո Քամին» փչելով մեր կյանքից ներս, էներգիա, ուժ է հաղորդում և զորացնում մեզ հոգևոր կյանքի մեջ։ Մենք կոչված ենք տարբերակելու աշխարհի տված զորությունը՝ Աստծո զորությունից։ Աշխարհի ուժը իշխանությունն է, հարստությունն ու հաճույքը։ Իսկ Սուրբ Հոգու ուժը անտեսանելի է և անըմբռնելի, վեր է մեր իմացության և կառավարման սահմաններից։ Այն կարող ենք ըմբռնել միայն՝ Նրա հոսանքին հանձնվելով։ Ինչպես հայրերն են ասում, «Առանց Աստծո Սուրբ Հոգու մենք ոչինչ չենք կարող անել. մենք նավ ենք՝ առանց քամու, ճյուղ՝ առանց ավիշի, ածուխ՝ առանց կրակի»։
3. Հուսկ, քամին կործանող ուժ է։ Հեռուստատեսությամբ կամ համացանցի վրա, պարբերաբար ականատես ենք լինում փոթորիկների և հողմամրրիկների պատճառած ավերածություններին։ Կարող է զարմանալի և անգամ սարսափելի թվալ, սակայն Սուրբ Հոգին ունի նաև այս կործանող ուժը։ Հիրավի, երբեմն կարիքն ունենք, որ Սուրբ Հոգին փչի մեր կյանքում ջերմ, ամառային մեղմիկ զեփյուռի նման և երբեմն էլ կարիքն ունենք, որպեսզի «Աստծո քամին» փչի իր կործանող զորությամբ և քանդի բոլոր այն պատվարներն ու խոչընդոտները, որ թշնամին կառուցում է մեր շուրջբոլորը՝ արգելք ստեղծելով Աստծո հետ մեր հաղորդության համար։
Այսուհանդերձ, Սուրբ Հոգու ներկայությունը և Նրա զորությունը հնարավոր չէ սահմանել մեր մարդկային տկար բանականությամբ։ Նրա անբացատրելի ներկայությունը մարգարեների, առաքյալների, եկեղեցու հայրերի և աստվածաբանների համար մեծագույն խորհուրդը և ամենազոր մղիչ ուժը հանդիսացավ իրենց ողջ կյանքի և առաքելության ընթացքում:
Հոգեգալստյան այս օրը հիշենք, որ Սուրբ Հոգին, Աստծո Շունչը և Քամին անտեսանելիորեն փչում է մեր կյանքից ներս։ Սուրբ Երրորդության անձերից մեկը, որ արարչագործության ժամանակ շրջում էր ջրերի վրա, մեր շուրջն է և մեր սրտերի մեջ։ Այն քամու նման փչում է մեր հոգու առագաստներին, փոխակերպում է մեզ, կործանում է թշնամու հարուցած յուրաքանչյուր խոչընդոտ, և զորացնում է մեզ Իր հզոր զորությամբ։
Արդ, մաղթում եմ, որպեսզի Քրիստոսի առաքյալների օրինակին հետևելով՝ մենք էլ հարատևենք աղոթքի և առաքինության մեջ և արժանանանք Սուրբ Հոգու ներկայությանը մեր կյանքերից ներս:
«Լցվեցեք Սուրբ Հոգո՛վ, որպեսզի խոսեք միմյանց հետ սաղմոսներով, օրհներգություններով և հոգևոր երգերով, որպեսզի երգեք և ձեր սրտերում սաղմոս ասեք Տիրոջը։ Գոհությո՛ւն հայտնեցեք ամեն ժամ ամեն ինչի համար Հորը և Աստծուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի անունով»։ (Եփ 5:18-20)
Մեսրոպ վարդապետ Պարսամյանի Քարոզը` խոսված Նյու Յորքի Սուրբ Վարդան Մայր Եկեղեցում Հոգեգալստյան տոնին, 2019թ.
Comments