Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 12-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը Եսայու Մարգարեության գրքից է (40.9-17):
«Ահավասիկ ձեր Աստվածը։ Ահա Տերը՝ Աստված, որ գալիս է զորությամբ և իր բազկի իշխանությամբ. ահավասիկ իր վարձն իր հետ է, ու գործերն էլ իր առջև են։ Հովվի նման հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր գրկում, մխիթարիչ է լինելու հղիներին» (40.10-11)։
Ինչպես Հին Կտակարանի մարգարեներն ու ժողովուրդն էին ակնդետ սպասում Մեսսիայի գալուստին, այնպես էլ մենք՝ Նոր Կտակարանի ժողովուրդը, սպասում ենք Մեսսիայի՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսի երկրորդ գալուստին։ Նա ով այսօր թագավորում է մարդկանց սրտերի վրա, պիտի վերադառնա՝ թագավորելու համայն աշխարհի վրա։ Աստվածաշնչի այս հատվածի մեջ Մարգարեն, հնազանդվելով Աստծո հորդորին, ավետում է Մեսսիայի գալուստը։ Նա ներկայացնում է այն երեք կերպերը, որոնցով Մեսսիան պիտի գա։ Մեր Տեր Հիսուս Քրիստոս պիտի վերադառնա աշխարհ՝
Ա. Զորությամբ - Տիրոջ զորությունը մարդկությունը տեսավ Նրա առաջին գալստյան՝ մարդեղացման ժամանակ, երբ Աստված «ջնջեց մեր օրինազանցության համար մեր դեմ արձակված դատավճռի ձեռագիրը, վերացրեց այն մեջտեղից և մեխեց խաչափայտին։ Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակեց՝ նրանց պարտության մատնելով Քրիստոսի միջոցով՝ նրա հարության ժամանակ» (Կողոսացիներին 2.14-15)։ Նա կրկին պիտի գա զորությամբ և իր բազկի իշխանությամբ՝ պարտության մատնելու իր բոլոր հակառակորդներին և դատելու նրանց։ Աստծո այս զորության լավագույն պատկերը տեսնում ենք Հայտնության Գրքի մեջ, որը ներկայացնում է Տեր Հիսուսի երկրորդ գալուստը և աշխարհի վախճանը։
Բ. Վարձատրությամբ - Այս վարձատրությունը Հին և Նոր Ուխտի ժողովրդին տրված Տիրոջ խոստումների լրումն է։ Հայտնության Գրքում Տեր Հիսուս նմանատիպ բան է ասում. «Ահա շուտով պիտի գամ, և ինձ հետ են իմ վարձերը, որպեսզի հատուցեմ յուրաքանչյուրին ըստ իր գործերի» (Հայտնության 22.12)։ Վարձատրությունը օրհնություն է Աստծո զավակների համար, ովքեր համբերել են մինչև վերջ՝ ազատության, հաղթանակի և խաղաղության պարգևը։ Այն նաև դատապարտություն է նրանց համար, ովքեր մերժել են Աստծուն և Նրա պատվիրանները։
Գ. Գթությամբ - Տեր Հիսուս իր առաջին գալստյանը ժամանակ հայտարարեց, որ ինքն է բարի հովիվը (Հովհաննես 10.11) և երկրորդ գալստյան ժամանակ էլ պիտի գա, որպես քաջ ու բարի հովիվ «հովվելու է իր հոտերը, իր բազկով հավաքելու է գառներին, նրանց կրելու է իր գրկում»։ Զորությամբ իշխող բազուկը նաև գթությամբ պիտի հավաքի իր գառնուկներին և խնամքով ու սիրով կրի իր գրկում։ Արդարև, մեր Տեր Հիսուս Քրիստոս է բարի հովիվը, ով հոգում է մեր մասին։ Նա փնտրում է մեզ և գտնում, երբ մոլորված ենք։ Սնում է իր խոսքով, զորացնում է մեզ և բժշկում է մեր վերքերը։ Բարի հովիվը հուսահատության հովիտներից մեզ պիտի առաջնորդի դեպի իր գթության լեռները՝ սիրառատ սրտին մոտ։
Տկար, մեղավոր և կոտրված ժողովուրդը կարիքն ունի զորեղ, առատաձեռն և գթառատ Փրկչի։ Շուրջ 2000 տարիներ առաջ Նա եկավ մեր փրկության համար և կրկին պիտի գա՝ պարտության մատնելու իր և մեր բոլոր թշնամիներին, վարձատրելու իր զավակներին և նրանց առնելու իր սիրառատ գրկի մեջ։ «Ե՛կ, Տե՛ր Հիսուս Քրիստոս» (Հայտնություն 22.20)։
Comments