Երբևէ եղե՞լ եք համատարած խավարի մեջ։ Շատ քչերն են այսօր իրապես ունենում այդ փորձառությունը, քանի որ անգամ գիշերը մեր շուրջբոլորը լուսավորված է ամենատարբեր լույսերով։ Թերևս միայն քարանձավի մեջ, կարող ենք ապրել թանձր մթության փորձառությունը։ Համատարած խավարը զրկում է տեսողությունից, մատնում է անորոշության և խոցելի դարձնում այն վտանգների և հարձակումների առջև, որոնք լույսով դյուրին է շրջանցել։
Իսկ փորձե՞լ եք մի փոքրիկ կրակ վառել այդ համատարած թանձր մթության մեջ. այն անմիջապես լուսարձակում է և իր լույս ճառագայթներով փարատում է խավարը։
Ամենատարբեր առումներով այսօրվա մեր աշխարհը շատ է նման այդ մթին քարանձավին, որը մեզ մատնում է անորոշության և ներշնչում անվստահություն մեր շրջակա առարկաների, իրողությունների և անգամ մարդկանց նկատմամբ։ Եվ ինչպես որ աշխարհը նման է մութ քարանձավի, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոս այն Լույսն է, որ կարող է փարատել համատարած խավարը և լուսավորել մեր կյանքի ամենամթին անկյունները։ Իսկ այդ Լույսը տեսնել կարողանալը, այն մեր սրտի մեջ ունենալը և այն մեր անձերի միջից ճառագելը՝ Առաքինություն է։
Արդարև, Քրիստոնեական հույսը պարզ լավատեսություն չէ, այն աստվածային առաքինություն է՝ շնորված Աստծո կողմից, որով կատարյալ վստահությամբ ապավինում ենք Աստծո օգնականությանն ու առաջնորդությանը մեր կյանքի փորձությունների ու նեղությունների մեջ։ Քրիստոնեական հույսը համատարած խավարի մեջ Լույսը տեսնելու առաքինությունն է։
«Ասացի՝ գուցէ խավարն ինձ ծածկի, կամ գիշերը պատի ինձ իմ վայելքի լույսի փոխարեն։ Խավարը քեզ համար խավար չի լինի, և գիշերը լուսավոր ցերեկ կդառնա, ու նրա մթությունն ինչպես լույս կերևա»։ (Սղ 138:11,12)
Comments