top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Ղևոնդյանց Քահանաներ



Այսօր Հայոց Եկեղեցին հիշատակում է Սուրբ Ղևոնդյանց քահանաների տոնը։


«Ղևոնդյանց քահանաներ» անվանումը տրվել է Ավարայրի ճակատամարտի մասնակից մի խումբ հոգևորականների՝ կաթողիկոս, եպիսկոպոսներ, քահանաներ և սարկավագներ, նրանցից տարիքով ավագի՝ Ղևոնդ Երեցի պատվին։


Ղևոնդ Երեցը ոչ միայն Ս. Սահակ Պարթևի և Ս. Մեսրոպ Մաշտոցի օգնականն էր եղել, այլև Վարդան Մամիկոնյանի և Հովսեփ Կաթողիկոսի խորհրդատուն էր։ Սուրբ Ղևոնդը նախարարներին և հոգևորականներին քաջալերում էր արիաբար պայքարելու թշնամու դեմ։ Ավարայրի Ճակատամարտի նախօրեին նա դիմում է իր զինակիցներին հետևյալ բառերով.


«Եղբայրնե՛ր, չթուլանանք ու չվհատվենք, այլ պինդ սրտով և հաստատուն հավատով հոժարակամ հարձակվենք այն թշնամիների վրա, որ վեր են կացել-գալիս են մեզ վրա։ Մեր հույսը կրկնակի է երևում մեզ. եթե մեռնենք՝ կապրենք և եթե մեռցնենք՝ միևնույն կյանքն է կանգնած մեր առաջ։


Հիշենք առաքյալի խոսքը, որ ասում է, թե՝ «Այն ուրախության փոխարեն, որ սպասում էր Քրիստոսին, նա հանձն առավ համբերել մահվան, այն էլ՝ խաչի մահվան. այդ պատճառով էլ Աստված նրան ավելի ևս բարձրացրեց և այնպիսի մի անուն տվեց նրան, որ բոլոր անուններից վեր է. որովհետև Հիսուս Քրիստոսի անվանը ծունր պիտի դնեն բոլոր երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները (Եբր. 12.2, Փիլիպ. 2.8-10)» (Հատված Ղևոնդ Երեցի ճառից):


451թ.ին, Ավարայրի ճակատամարտից հետո, Ղևոնդյանց հոգևորականները ձերբակալվեցին և բանտարկվեցին, իսկ մի քանի տարի անց չարչարվեցին և ընդունեցին նահատակության պսակը։


Ղևոնդյանց քահանաների հիշատակը մեզ կոչում է միասնական և համախումբ լինել մեր հայրենիքին պատուհասած դժվարությունների մեջ, ամուր կառչած մնալ մեր հավատքին և ազգային արժեքներին և ամեն ջանք ու եռանդ ներդնել մեր հայրենիքի և մեր սրբազան եկեղեցու պայծառության համար։


Այն ազգը, որ իր հերոսներին և սրբերին չի հիշում և նրանց հիշատակը չի պատվում, դատապարտված է կորստյան։ Այսու, աղոթքով հիշենք մեր հերոս սրբերին, նրանց հոգևոր սխրանքը միշտ վառ պահենք մեր սրտերում և մեր զավակներին դաստիարակենք նրանց Քրիստոսանվեր և հայաշունչ ոգով։


Յիշատակն արդարոց օրհնութեամբ եղիցի։

59 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
bottom of page