top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Մանանեխի հատիկի նման



Այսօրվա ավետարանական ընթերցվածի մի շարք թարգմանություններում խոսքը «մանանեխի հատիկի չափ»-ի մասին է, սակայն հունարեն բնագրում մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «մանանեխի հատիկի նման» կամ «ինչպես մանանեխի հատիկն» է։


Փոքր «չափը» մանանեխի հատիկի հատկանիշներից մեկն է միայն։ Այլ հատկանիշներ ևս կան, որոնք լավագույնս բացահայտում են մեր Տեր Հիսուս Քրիստոսի կիրառած փոխաբերության ամբողջական իմաստը։


Ա. Արդարև, մանանեխի հատիկը «բոլոր սերմերից ավելի փոքր է, բայց երբ աճում է, բոլոր բույսերից ավելի մեծ է լինում և ծառ է դառնում, այն աստիճան, որ երկնքի թռչունները գալիս և դադար են առնում նրա ճյուղերի վրա» (Մատթ. 13:32)։ Այն արագ աճող բույսերից է, որի հասակը, ընդամենը մի քանի ամսում, հասնում է 3-ից 4 մետրի։ Մանանեխի հատիկը վառ օրինակն է հավատի սերմնահատիկի ներուժի։ Թեև այն փոքր ու աննշան է, բայց աճում է և օրհնություն դառնում շրջապատի համար։


Բ. Սերմնահատիկը մինչև պարարտ հողի մեջ չընկնի, չի աճում։ Տեր Հիսուս մատնացույց է անում, որ մեր հավատը ևս պետք է սերմանվի և այն էլ լավ ու պարարտ հողի մեջ, որպեսզի բուսնելով հարյուրապատիկ պտուղ տա. «Իսկ պարարտ հողի վրա ընկածները նրանք են, որ բարի և զվարթագին սրտով լսելով Խոսքը՝ ընդունում են այն և հարատևելով պտուղ են տալիս» (Ղուկաս 8:15)։


Գ. Հատիկը, երբ սկսում է աճել, մեկ կողմ է հրում իր արմատավորման ճանապարհին հանդիպող քարերը և այլ խոչընդոտները։ Սակայն դա տեղի չի ունենում վայրկյանական, այլ՝ անդադար և շարունակական աճով։ Հատիկը համառորեն արմատներ է նետում և ամբողջ ուժով ձգտում է դեպի վեր։


Դ. Առողջ հատիկի աճի վրա այլ սերմերը ոչ մի ազդեցություն չեն ունենում։ Եթե անգամ ուրիշները նեխեն, միևնույն է պարարտ հողի մեջ ընկած առողջ հատիկը շարունակում է իր աճը։ Այն համառ է և երբեք չի հանձնվում։ Կարծում եմ, որ հենց սա է ամենակարևոր հատկությունը մանանեխի հատիկի, ուստի և՝ կարևորագույն որակը մեր հավատի. լինել համառ, արմատավորվել Աստծո Խոսքի վրա, երբեք չհանձնվել ու պտղաբերել։


Ուրեմն, մանանեխի հատիկի նման հավատ ունեցե՛ք և «ինչպես ընդունեցիք Քրիստոս Հիսուսին՝ Տիրոջը, շարունակե՛ք ընթանալ նրանով՝ արմատավորված ու շինված նրա վրա և հաստատված այն հավատի մեջ, որ ուսանեցիք՝ անդադար նրան գոհություն հայտնելով» (Կողոսացիներին 2:6-7)։


114 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page