Եսայի 49:14 համարն արտահայտում է այն զգացումը, որ հաճախ ենք ունենում, բայց չենք բարձրաձայնում։ «Տերն ինձ թողեց, Աստված ինձ մոռացավ»։ (Եսայի 49:14)
Սրան ի պատասխան անմիջապես հնչում է Աստծո ձայնը. «Երբե՛ք»։
«Մի՞թե կինը կմոռանա իր մանկանը կամ չի գթա իր որովայնի ծնունդներին, և եթե կինը մոռանալու էլ լինի այդ, ես, սակայն, քեզ չեմ մոռանա», -ասում է Տէրը»։ (Եսայի 49:15)
Ահա թե, որքան թանկ ենք մենք Աստծո համար։ Նա հիշում է մեզ, սիրում է մեզ և երբեք չի անտեսում։
Ինչպե՞ս կարող է մայրը իր զավակի հանդեպ զգացմունք չունենալ, այն զավակի, որ կյանք է առնում իր որովայնում և լույս աշխարհ է գալիս երկունքի ցավերի մեջ։ Այո՛, ցավոք կան մայրեր, ովքեր հրաժարվում են իրենց նորածիններից և թողնում են նրանց պատերի տակ, զամբյուղների մեջ կամ կամուրջների վրա միայնակ ու անպաշտպան ...
Քաջալերվեցե՛ք, սիրելիներ, մենք որբ չենք, անօգնական ու անպաշտպան մանուկները միայնակ չեն. այն Աստվածը, որ արարեց մեզ և կյանք պարգևեց, երբեք չի լքում իր զավակներին։
Comments