Այսօր Մեռելոց է, երբ հիշատակում և աղոթում ենք մեր հին և նոր, հայտնի և անհայտ ննջեցյալների համար։ Իսկ ինչո՞ւ ենք աղոթում ննջեցյալների համար։
Հիշում և աղոթում ենք ննջեցյալների համար մեր նկատմամբ Աստծո հայրական սիրո և միմյանց նկատմամբ սուրբ սիրո պատճառով։
Աստվածաշունչն ասում է. «Սեր ոչ երբեք անկանի» (Ա. Կորնթացիներին 13.8)։ Քանի որ սերը երբեք չի անհետանում, չի վերջանում, ուրեմն մեր աղոթքներն էլ չեն վերջանում, ննջեցյալների հետ մեր հաղորդությունը չի վերջանում, Քրիստոսի միջոցով նրանց հետ մեր միությունը չի վերջանում։
Ինչպես որ սիրում և հարգում ենք ողջերին, այնպես էլ սիրում և հարգում ենք հանգուցյալներին։ Ինչպես որ աղոթում ենք ողջերի համար, որպեսզի Աստծո Շնորհը նրանց վրա լինի, այնպես էլ աղոթում ենք ննջեցյալների համար, որպեսզի նրանք արժանանան Աստծո ողորմած ներկայությանը։ Հանգուցյալ մեր հարազատների ու բարեկամների նկատմամբ մեր սերը դրսևորում ենք սրտաբուխ աղոթքի միջոցով։
Անշուշտ, մենք չենք սգում անհավատների նման, որոնք բնավ հույս չունեն, այլ քաջալերվում և մխիթարվում ենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի Սուրբ Հարությամբ՝ առաքյալի խոսքի համաձայն. «Եթե հավատում ենք, թե Հիսուս մեռավ և հարություն առավ, այդպես էլ Աստված Հիսուսի միջոցով ննջեցյալներին ետ կյանքի պիտի բերի նրա հետ» (Ա. Թեսաղոնիկեցրիներին 4.13)։
Ուրեմն, հուսավառ սրտով աղոթենք մեր արցախյան պատերազմում զոհված բոլոր քաջորդիների և համավարակից մահացածների հոգիների հանգստության համար։ Թող Աստված Երկնքի Արքայության լույսերի մեջ բնակեցնի մեր բոլոր ննջեցյալների հոգիները և մեզ Իր Սուրբ Հոգու մխիթարությունը պարգևի։
댓글