«Եղբայրնե՛ր, չթուլանանք ու չվհատվենք, այլ պինդ սրտով և հաստատուն հավատով հոժարակամ հարձակվենք այն թշնամիների վրա, որ վեր են կացել-գալիս են մեզ վրա։ Մեր հույսը կրկնակի է երևում մեզ. եթե մեռնենք՝ կապրենք և եթե մեռցնենք՝ միևնույն կյանքն է կանգնած մեր առաջ։
Հիշենք առաքյալի խոսքը, որ ասում է, թե՝ «Այն ուրախության փոխարեն, որ սպասում էր Քրիստոսին, նա հանձն առավ համբերել մահվան, այն էլ՝ խաչի մահվան. այդ պատճառով էլ Աստված նրան ավելի ևս բարձրացրեց և այնպիսի մի անուն տվեց նրան, որ բոլոր անուններից վեր է. որովհետև Հիսուս Քրիստոսի անվանը ծունր պիտի դնեն բոլոր երկնավորներն ու երկրավորները և սանդարամետականները»:
... Ահա՛ մեր փրկության առաջնորդը. նա այստեղ քաջությամբ նահատակվեց և միևնույն բանը սովորեցրեց իր նիզակակից ու գործակից բոլոր առաքյալներին. նրանց հետ այսօր դուք էլ եք կրկին երևում, հավատով օրհնված՝ աներևույթ թշնամու դեմ, որ զրահապատված կանգնած է դեմառդեմ իբրև սատանայական գործի ընկերակից։
Այսպես թե այնպես, երկու կողմերին էլ պարտություն կպատճառեք, ինչպես որ ինքը Տերն էլ արեց աշխարհի նկատմամբ. թվաց, թե մեռավ, բայց նա այն ժամանակ տարավ հաղթության կատարյալ մրցանակը. ախոյանին տապալեց, պատերազմում ջարդեց, թշնամիներին ցրեց, ավարը ժողովեց, գերիներին հետ դարձրեց, պարգևները բաշխեց իր բոլոր սիրելիներին՝ յուրաքանչյուրի առաքինության համեմատ»:
Հատված Ս. Ղևոնդ Երեցի խոսքից ուղղված Ավարայրի քաջերին
Comments