top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Միության մասին



Խաչելությունից ժամեր առաջ, առաքյալների հետ իր վերջին ընթրիքն, մեր Տեր Հիսուս Քրիստոս աղոթում էր նրանց և մեր միության համար (Հով. 17:1-26)։ Այդ աղոթքի մեջ Նա մի շարք կարևոր բաներ է ասում միության մասին, որն արժէ վերհիշել և մտապահել, հատկապես այս օրերին, երբ խաթարված է մեր ազգային միասնությունն ու միաբանությունը։


Ա. Միության աղբյուրն Աստված է։ Ավետարաններում ոչ մի տեղ Հիսուս կոչ չի անում միավորվելու, միություն ստեղծելու, որովհետև իրական միությունը մարդկանց անձնական ջանքերի արդյունքը չէ։ Միությունը մեզ շնորհված է Աստծո կողմից Սուրբ Հոգով և Քրիստոս Հիսուսի մեջ։


Բ. Իսկ ո՞րն է այդ միությունը։ Այդ միությունը համեմատական է Հոր, Որդու և Սուրբ Հոգու միջև գոյություն ունեցող միությանը. «որպեսզի լինեն մի, ինչպես մենք էլ մի ենք»։ Այն միությունը, որ գոյություն ունի Սուրբ Երրորդության անձերի մեջ, քրիստոնեական հավատի բարձրագույն խորհուրդն է։ Երեք անձեր, սակայն մեկ Աստված և մեկ աստվածային բնություն։ Այդ միությունը բնության և էության միություն է։


Գ. Մեր միությունը ևս էության և բնության միություն է։ Մեր մարդկային բնությամբ և մեր էության խորքում բոլորս նույնն ենք։ Մենք մեղավոր մարդ արարածներ ենք և, սակայն, նորոգվել ենք Քրիստոս Հիսուսով մկրտությամբ, և ձգտում ենք հաղորդակից դառնալ աստվածային բնությանը։ Մենք բոլորս էլ Հայկ Նահապետի սերունդն ենք, մեր երկաներով հոսում է նույն արյունը, մենք կրողն ենք նույն պատմամշակութային ժառանգության, լեզվի ու հավատքի և ունենք միևնույն սրբազան Հայրենիքը։ Այսու, մեր միությունը աստվածապարգև էության միությունն է, որը բխում է մեր սրտից և հոսում մեր երկաներով։


Դ. Այդ միությունը, անշուշտ, կարիքն ունի պահպանության ու պաշտպանության։ Տեր Հիսուս գիտի, որ մեղքերի պատճառով մենք շատ դյուրությամբ կարող ենք կորցնել այն և դրա համար էլ աղոթում է, որպեսզի Աստծո ամենազոր աջը պահապան լինի մեզ՝ դիմագրավելու մեր միության տեսանելի և անտեսանելի բոլոր թշնամիներին։ Թշնամին ցանկանում է տեսնել մեզ անմիաբան և տկար, այսու, հրահրում է վեճեր, կռիվները ու պառակտումներ, որոնք և սեպ են խրում մեր միության մեջ։


Անկասկած, անմիաբանությունը մեղքի ծնունդ է։ Այնքան մեղք կա և մեղադրանք մեր շուրջբոլորը, որ մեզնից ոչ ոք չի կարող անմեղ ձևանալ։ Խոնարհաբար ընդունենք սա և ապաշխարենք։ Գիտակցենք, որ այսօր, առավել քան երբևէ, կարիքն ունենք մեր Տեր Հիսուս Քրիստոսի աղոթքի, որպեսզի Հայր Աստված անվտանգ պահի մեր ազգային միասնությունը և եկեղեցական միաբանությունը, որն ունենք Քրիստոսով՝ միմյանց միահյուսված մեր հավատքով, լեզվով, պատմությամբ, մշակույթով և մեր հերոսների արյամբ նվիրագործված մեր սրբազան հայրենիքով։

51 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page