Շարունակում ենք Սուրբ Ծննդյան ութօրեքի մեր խորհրդածությունների շարքը։ Այսօր չորորդ օրն է, իսկ շարականը հետևյալն է.
«Հավիտյաններից առաջ նախահավիտյան Որդին, այսօր երկրի վրա երևաց որպես կատարյալ Աստված և կատարյալ մարդ, ծնվեց, խանձարուրով փաթաթվեց և դրվեց կենդանիների մսուրի մեջ մարդկանց փրկության համար»։ (Ողր. Սուրբ Ծննդեան ԴԿ)
Եթե Աստվածաշնչում որևէ բան հիշատակվում է երեք անգամ, ապա նշանակում է, որ այն կարևոր պատգամ ունի փոխանցելու։ Ղուկասի Ավետարանի երկրորդ գլխում «մսուրը» հիշատակվում է երեք անգամ։ Ավետարանիչը պատմում է, որ ծնվելուց անմիջապես հետո մանուկ Հիսուս փաթաթվեց խանձարուրով և դրվեց մսուրի մեջ։ Մսուրը փայտաշեն կամ քարեղեն կերակրաման էր, որի մեջ հարդ էին լցնում կենդանիների սննդի համար։ Իսկ ո՞րն է դրա կարևորությունը, ինչո՞ւ է Ավետարանիչն այն հիշատակում երեք, իսկ սուրբծննդյան մեր շարականները՝ ութ անգամ։
Մսուրը, նախ և առաջ, Աստծո Միածին Որդու խոնարհության կատարյալ նշանն է։ Այս երկրի վրա առաջին գիշերը նախահավիտյան Որդին, երկնքի և երկրի Արարիչը ննջեց ոչ թե շքեղաշուք պալատներում կամ ապարանքներում, այլ՝ խոնարհ մի քարայրում, համեստ մսուրի մեջ։ Ինչպես երեկվա մեր խորհրդածության մեջ անդրադարձանք, Տեր Հիսուս Քրիստոսի երկրային կյանքը՝ մսուրից մինչև խաչելություն, խոնարհության, հնազանդության և անձնուրաց նվիրումի մի ճանապարհ էր։
Խոնարհությունից բացի, մսուրը մատնանշում է նաև կերակուրը։ Մսուրից էին սնվում կենդանիները, ստանում՝ իրենց հանապազորյա կերակուրը։ Երկնավոր Հայրն ուղարկեց Իր Միածին Որդուն, Կյանքի Հացը, ով ծնվեց մսուրի մեջ Բեթղեհեմ քաղաքում, որը թարգմանաբար նշանակում է «Հացի Տուն»։
Հովհաննեսի Ավետարանում մեր Տեր Հիսուս Քրիստոս ասում է. «Ես եմ կենաց հացը. ով դեպի ինձ գա, չի քաղցի» (Հովհ. 6.35), իսկ Վերջին Ընթրիքի ժամանակ Նա «հաց վերցնելով՝ գոհություն հայտնեց Աստծուն, կտրեց, տվեց նրանց և ասաց. «Այս է իմ մարմինը, որ շատերի համար է տրված» (Ղուկ. 22.19)։
Մսուրը հուշում է մեզ, թե ինչո՛ւ Տեր Հիսուս Քրիստոս մարդացավ։ Նա եկավ աշխարհ ինքն իրեն տալու՝ որպես կերակուր մարդկանց հոգիների համար։ Նա եկավ հագեցնելու մեր սրտերի քաղցը, որն այլ կերպ հնարավոր չէր հագեցնել։ Արդարև, մարդկությունը քաղցն ու ծարավն ունի արդարության, սիրո, հույսի, ուրախության, խաղաղության, բարության և շնորհի։ Իսկ «մսուրն» ազդարարում է, որ միայն Աստծո Միածին Որդին՝ Կյանքի հացը, կարող է հագեցնել մեր սրտերի անհագուրդ քաղցը։
«Քրիստոս ծնաւ եւ յայտնեցաւ. Ձեզ եւ մեզ մեծ աւետիս»։
Comments