top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Նոր Կիրակի



Այսօր, Սուրբ Զատկի տոնին հաջորդող առաջին կիրակին, կոչվում է Նոր Կիրակի կամ Կրկնազատիկ։ Նոր կիրակին մարդկային կյանքի վերանորոգության խորհուրդն ունի: Ինչպես որ ձմռան մեռելությունից հետո գարնանը բնությունը և կենդանական աշխարհը արթնանում, կենդանանում և վերանորոգվում են, այնպես էլ մեր Տեր Հիսուս Քրիստոսի կենարար Հարությունը նորոգում է մեղքի պատճառով ապականված մարդուն և նոր կյանք պարգևում՝ առաքյալի խոսքի համաձայն. « Եթէ մեկը Քրիստոսի մէջ է, նա նոր արարած է. որովհետև հինն անցավ, և հիմա ամեն ինչ նոր եղավ»։ (Բ.Կր 5:17)


Քրիստոսի մեջ նոր կյանքն առաջ է բերում աննկարագրելի մի ուրախություն, որը հավիտենական է։ Քրիստոսի մեջ մարդու նոր կյանքը միահյուսվում է Քրիստոսի կյանքին և Աստծո կամքը, ծրագրերն ու իղձերը դառնում են իրենը։ Քրիստոսով նորոգված կյանքը վերականգնում է Աստծո պատկերը և նմանությունը մեր մեջ, զարդարում առաքինություններով և Աստծո հետ մարդու հարաբերությունը դարձնում է հաղորդություն. «Հավատարիմ է Աստուած, որից կանչվեցիք հաղորդակից լինելու նրա Որդուն՝ մեր Տեր Հիսուս Քրիստոսին»։ (Ա.Կր 1:9)


Այսօր, երբ համայն աշխարհը համավարակի և տնտեսական տագնապի փորձության մեջ է, մենք առավել քան երբևէ կարիքն ունենք Քրիստոսի Սուրբ Հարության նորոգության և հավիտենական ուրախության։ Այսու, մեր Շնորհալի Հայրապետի բառերով աղոթենք Հարուցյալ մեր Տեր Հիսուս Քրիստոսին՝ ասելով. «Նորոգո՛ղ հնությունների, նորոգի՛ր և ինձ, նորից զարդարիր»։

34 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page