top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Պահեցողություն և սեր



Սիրելինե՛ր, այսօր Մեծ Պահքի 25-րդ օրն է, իսկ օրվա ընթերցվածը կորնթացիներին ուղղված Ս. Պողոս Առաքյալի առաջին նամակից է (8.5-9.23):


«Կերակուրը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու։ Եթե չուտենք, ոչնչով չենք պակասի, և եթե ուտենք, ոչնչով չենք ավելանա։ Բայց զգո՛ւյշ եղեք. գուցե ձեր այդ ազատությունը գայթակղության պատճառ դառնա տկարների համար։ Եթե մեկը քեզ՝ այդ գիտությունն ունեցողիդ, տեսնի մեհյանում սեղան նստած, արդյոք նրա տկարությամբ համակված խղճմտանքը վերստին չի՞ քաջալերվի կուռքերին զոհաբերած մսից ուտելու։ Եվ տկար եղբայրը, որի համար մեռավ Քրիստոսը, կորստյան կմատնվի քո գիտության պատճառով։ Այսպես մեղք գործելով եղբայրների դեմ և վիրավորելով նրանց տկար խղճմտանքը՝ դուք Քրիստոսի դեմ եք մեղանչում։ Ուստի եթե կերակուրը պիտի գայթակղեցնի իմ եղբորը, հավիտյան միս չեմ ուտի, որպեսզի իմ եղբորը չգայթակղեցնեմ» (Ա Կորնթ. 8.8-13):

Այսօրվա ընթերցվածի մեջ Ս. Պողոս առաքյալն անդրադառնում է կորնթացիների այն հարցին, թե կուռքերին զոհաբերված միս կարելի է ուտել, թե ոչ։ Հոգևոր բարձր գիտակցություն ունեցող մարդիկ հասկանում էին, որ այն որևէ հոգևոր նշանակություն չունի: Սակայն Առաքյալը հիշեցնում է նրանց խղճմտանքի կարևորության մասին։ Հավատքի մեջ առաջացած հավատցյալներին Նա հորդորում է հոգատար լինել տկարների նկատմամբ և երբեք գայթակղության պատճառ չհանդիսանալ:


Մեծ Պահքի ընթացքում շատեր հրաժարվում են կենդանական ուտելիքներից, ոմանք աղու ու հացով են անցկացնում պահեցողության այս շրջանը, իսկ ուրիշներ էլ ծոմ են պահում։ Հաճախ պահք պահողները հանդիմանում են նրանց, ովքեր չեն պահում։ Նման մարդկանց Առաքյալը հիշեցնում է. «Կերակուրը չէ, որ մեզ Աստծու առաջ է կանգնեցնելու»։ Պահեցողությունը պարզապես միջոց է մեր կամքը դաստիարակելու համար և երբեք հպարտության և ուրիշներին դատափետելու առիթ չպիտի հանդիսանա։


Քրիստոնեական կյանքի կիզակետը սերն է` Աստծո և մերձավորի նկատմամբ։ Այսու, պետք է սիրով հոգ տանենք հավատքի մեջ տկար մեր եղբայրների ու քույրերի նկատմամբ և ամեն կերպ քաջալերենք նրանց՝ ապրելու և աճելու առ Աստված իրենց հավատի մեջ:

Առաքելական թղթի այս համարները ուղղակի պատասխանն են Աստծուն ուղղված Կայենի հարցադրմանը. «մի՞թե ես իմ եղբոր պահակն եմ» (Ծննդոց 4.9)։ Պատասխանը պարզ է և զորավոր. «Այո՛, դու քո եղբոր պահապա՛նն ես»:


Ուրեմն, թող որ մեր պահեցողության, աղոթքի, ողորմությունը և մեր բոլոր բարի գործերի մղիչ ուժը լինի սերը՝ առ Աստված և առ մեր եղբայրներն ու քույրերը, «քանզի այս է պատվիրանը, որ լսեցիք ի սկզբանե, որ սիրենք միմյանց» (Ա Հովհաննես 3.11):

55 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page