top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Սիրո և զայրույթի արցունքները



Այս աննկարագրելի վշտի մեջ, երբ կորստի ցավն այնքան մեծ է, որ սիրտդ պայթում է անձայն աղաղակից, իսկ հոգիդ արտասվում է լռելյայն, միակ մխիթարությունն Ավետարանի այս երեք բառերն են. «Եվ Հիսուս արտասվեց»։ (Հովհաննես 11:35)


Այս երեք բառերի պարզ համադրությունը Աստվածաշնչի ամենակարճ նախադասությունն է, բայց և՝ ամենազորավորը։ Դրա միջոցով և հավատքի աչքերով ենք տեսնում խորությունները Աստծո մաքրամաքուր սրտի, որը բաբախում է մեզանով և մեզ համար։ Այն բացահայտում է գթությունը մեր Փրկչի, ով հասկանում է մեր վշտի խորությունները և գիտի, թե ի՛նչ է կորուստը։ Այն բացում է մեր սրտի աչքերը տեսնելու Աստծո Սուրբ Հոգու մխիթարիչ ներկայությունը, ով կյանք է հաղորդում մեր անշունչ գոյությանը։


Աստծո Միածին Որդին եկավ աշխարհ, չարչարվեց, տառապեց ու զգաց կորստյան ցավը։ Նա մեզ պես քայլեց տառապանքի ճանապարհով և արտասվեց մեզ նման, սակայն Նրա արցունքները բնավ հուսահատության նշան չէին։


Դրանք արտահայտում էին Իր արդար բարկությունը մահվան և անհավատության նկատմամբ։ Ավետարանիչն ասում է. «Հիսուս հոգով խռովվեց», որը բնագրում նշանակում է «զայրանալ»։ Նա առերեսվեց մարդկային անհավատությանը և անգութ մահվանը, բայց գիտեր, թե ի՛նչ է անհրաժեշտ և թե ի՛նչ պիտի աներ հաղթելու համար այդ ոխերիմ թշնամուն։


Դրանք նաև սիրո նշան էին։ Մարդիկ տեսնելով Հիսուսին, իր բարեկամ Ղազարոսի համար արտասվելիս, ասում էին միմյանց. «Տեսե՛ք՝ ինչքան էր սիրում նրան» (Հովհ. 11:36)


Ահա՛ Ավետարանի ողջ պատգամը. Աստված այնքան սիրեց մեր սգավոր աշխարհը, որ մինչև իսկ իր միածին Որդուն տվեց, որպեսզի ով նրան հավատում է, չարտասվի հավիտյան, այլ ընդունի հավիտենական ուրախությունը։


Այսօր էլ՝ մեր անասելի կորստյան ցավի և աննկարագրելի վշտի մեջ, Աստված մեզ հետ է, Նա արտասվում է մեզ հետ այս պահին և քաջալերում ասելով. «Մի՛ վախեցիր, քանզի քեզ հետ եմ, մի՛ խաբվիր, քանզի ես եմ քո Աստվածը, ես պիտի զորացնեմ քեզ, օգնեմ քեզ ու պահպանեմ քեզ իմ արդար աջով»։ (Եսայի 41:10)


Սիրելիներ, մեր արցունքները ևս սիրո արցունքներ են, որովհետև ի խորոց սրտից սիրում ենք մեր հայրենիքը, մեր հայրենի Արցախ աշխարհը։ Սակայն դրանք թող չլինեն հուսալքության արցունքներ, այլ՝ զայրույթի և արդար ցասման։ Մեր Տեր Հիսուս Քրիստոսի հետ անտրտունջ և քաջաբար քայլենք խաչի ճանապարհով դեպի Գողգոթայի բարձունքը, Նրա արդար զայրույթով հեռու վանենք վախն ու թերահավատությունը մեր սրտերից և Նրա Սուրբ Հարության զորությամբ հռչակենք՝ ասելով. «Ուր՞ է, մահ, քո հաղթությունը, ու՞ր է, գերեզման, քո խայթոցը»։ (Ա Կորնթ. 15:55)

207 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page