Մեր հերոս զավակների և հայրենիքի կորստյան ցավով այս օրերին սգակիր ենք բոլորս, և դժվար է պատկերացնել, որ կարող ենք երբևէ կրկին ուրախություն զգալ։
Մեր Տեր Հիսուս Քրիստոս ևս, երբ առնչվեց կորստյան ցավին և մահվան դառն իրականությանը, արտասվեց և սգաց (տե՛ս Հովհաննես 11)։ Եվ այսօր էլ մեր ցավի մեջ Նա մեր կողքին է, սգում է մեր սիրելիների կորուստն ու արտասվում մեզ հետ։ Սակայն Աստծո Միածին Որդին եկավ աշխարհ ոչ միայն արտասուք հեղելու, այլև՝ Իր սուրբ արյունը։ Նա եկավ հաղթելու մահվանն Իր մահով և իր հարությամբ մեզ հավիտենական կյանք պարգևելու։
Տեր Հիսուս շատ լավ գիտեր, որ իր խաչելությունից հետո առաքյալները պիտի տրտմեն ու սգան։ Դրա համար էլ իր վերջին ընթրիքի ժամանակ հուսադրում և վստահեցնում էր նրանց. «Ճշմարիտ, ճշմարիտ եմ ասում ձեզ, որ պիտի լաք ու ողբաք, իսկ աշխարհն ուրախ պիտի լինի. դուք պիտի տրտմեք, բայց ձեր սուգը ուրախության պիտի փոխվի» (Հովհաննես 16:20):
Տիրոջ այս նույն խոստումը ուղղված է նաև մեզ։ Թեև կորստյան ցավով տրտում են մեր հոգիները, սակայն մենք չենք սգում առանց հույսի։ Մահվան նկատմամբ մեր Տեր Հիսուս Քրիստոսի հաղթանակն է, որ մխիթարում և զորացնում է մեզ։ Հավիտենական կյանքի հույսն է, երբ պիտի վերամիավորվենք մեր սիրելիների հետ, որ հոգևոր ուրախությունն է փոխանցում մեր սգավոր սրտերին։
Ուրեմն, «չտխրեք ուրիշների նման, որոնք որևէ հույս չունեն», այլ մեր սգի մեջ փարվենք այն մեծագույն հույսին, որի անունն է Հիսուս Քրիստոս և քաջալերենք միմյանց այս խոսքերով. «Եթե հավատում ենք, որ Հիսուսը մեռավ և հարություն առավ, նույնպես էլ Աստված Հիսուսի միջոցով և նրա հետ կյանքի կբերի ննջեցյալներին» (Ա Թսղ. 4:14)։
Comments