top of page
Writer's pictureBishop Mesrop Parsamyan

Սուրբ Թարգմանիչներ



Այսօր Հայոց Եկեղեցին նշում է մեր Սուրբ Թարգմանիչ վարդապետների՝ Մեսրոպի Մաշտոցի, Եղիշեի, Մովսես Քերթողի, Դավիթ Անհաղթի, Գրիգոր Նարեկացու և Ներսես Շնորհալու հիշատակը։


Այս անունների պարզ թվարկումն արդեն իսկ հուշում է, որ այս տոնը պարզապես Հայոց գրերի գյուտի տոնը չէ, իսկ թարգմանությունը, տվյալ պարագային, մի լեզվից մյուսը պարզ փոխադրությունը չէ։


Թարգմանիչները նրանք են, ինչպես շարականագիրն է ասում, ովքեր իրենց կենդանի հավատքով ստեղծագործեցին՝ Աստծո խոսքն ու իմաստությունը կյանքի վերածելով: Նրանք մեր Հայոց աշխարհը Անեղի՝ Աստծու իմաստությամբ զարդարեցին՝ երկրի վրա հաստատելով կենդանի գիրը՝ հայոց այբուբենը և Աստծո կենդանի Խոսքը՝ հայատառ Աստվածաշունչը:


Աստվածաշունչ մատյանի հայացումով՝ Աստծո խոսքը սկսեց տարածվել ոչ միայն եկեղեցիներում, նոր բացված դպրոցներում, այլև՝ ընտանիքներում, մարդկանց հոգիներում, ինչպես պատմիչն է վկայում՝ ամբողջ Հայաստան աշխարհը պայծառակերպվեց աստվածային լույսով: Քրիստոնեությունը ներմշակութայնացավ հայ իրականության մեջ և ծնվեց մեր ազգային քրիստոնեական ինքնությունն ու մշակույթը։


Հինգերորդ դարում արդեն Սուրբ Վարդան Մամիկոնյանը, ով Սուրբ Մեսրոպ Մաշտոցի աշակերտն էր, և իր զինակից եղբայրները պայքարեցին և նահատակվեցին աստվածային լույսից ծնված հենց այս ինքնության համար։

Սիրելնե՛ր, Սուրբ Թարգմանիչների հիշատակի ոգեկոչումը մեզ դնում է նրանց կյանքի և առաքելությանը հետևելու հրամայականի առաջ: Նրանց հավատքն ու ազգային տեսիլքը թող ուղղորդեն մեր կյանքի ընթացքը, հատկապես այս դժվար օրերին, երբ ազգովին պատերազմում ենք մեր լինելության և ինքնության թշնամու դեմ:


Ամուր կառչենք մեր սրբազան արմատներին, որպեսզի կարողանանք աներեր և քաջաբար դիմակայել ամեն տեսակի վայրագ փոթորիկներին, պաշտպանել մեր հոգեմտավոր և ազգային արժեքներն ու սրբությունները, մեր նահատակների արյամբ նվիրագործված հող հայրենին:


Սուրբ թարգմանիչներ, «բարեխօսեցէ՛ք առ Տէր վասն անձանց մերոց և խնդրեցէ՛ք զխաղաղութիւն տալ Հայաստան և Արցախ աշխարհի»:

237 views0 comments

Recent Posts

See All

Comments


  • White Facebook Icon
  • White Instagram Icon
  • YouTube
  • LinkedIn
bottom of page